
Քիմ Քարդաշյանն այցելել է Գառնի

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերի այցը Հայաստան շարունակվում է: Նրանք այցելում են հոգևոր և մշակութային օջախներ: Հայաստան այցելության երրորդ օրը Քիմ Քարդաշյանը եղել է Գառնիում: Նա իր հետ տարել էր նաև երեխաներին:
«Քիմ Քարդաշյանը Գառնիում. տեղացի եւ օտարերկրացի այցելուները Քարդաշյանին այստեղ սպասում էին վաղ առավոտից, թեեւ լուսանկարվել այդպես էլ չկարողացան։ Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։ Այդպես էր ցանկացել։ Ֆիքսեցինք ընդամենը մի փոքր հատված»,- նշել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը և սոցցանցերում հրապարակել լուսանկարներ և փոքրիկ տեսանյութ:
Ավելի վաղ Քարդաշյան քույրերին ընդունել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը:
Հոկտեմբերի 9-ին նա հյուրընկալվեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում: