Բրիտանիայի հինգ նախարարներ կարող են լքել պաշտոնները Brexit-ի շուրջ իրադրության ֆոնին. The Times
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամներ կարող են լքել իրենց պաշտոնները առանց Brexit-ի պայմանների շուրջ գործարքի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին: Այդ մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով Բրիտանիայի նախարարների կաբինետի՝ անունները չնշված անդամների:
Նրանց տվյալներով՝ խոսքը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթին, թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների եւ սպորտի նախարար Նիկ Մորգանին, արդարադատության նախարար Ռոբերտ Բաքլենդին, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Մեթ Հենքոքին եւ Անգլիայի ու Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսին: Ինչպես նշել է հրատարակության զրուցակիցը, նրանց պաշտոնաթողության հարցն ի հայտ է եկել նախարարների կաբինետի հանդիպումից հետո, որտեղ նախարարները Ջոնսոնին հայտարարել են 1998 թվականի Բելֆասթի համաձայնագրի խախտման լուրջ ռիսկի գոյության մասին, որը վերջ դրեց Հյուսիսային Իռլանդիայում բազմամյա հակամարտությանը, ինչպես նաեւ իրենց մտահոգություններն են հայտնել Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի վերաբերյալ:
Բրիտանական կառավարության մեկ այլ անդամ The Times-ին հայտնել է, որ «շատ մեծ թվով օրենսդիրներ կլքեն թորիների կուսակցությունն այն դեպքում, եթե Ջոնսոնը համընդհանուր ընտրություններում իր ռազմավարության հիմք ընդունի ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը: Թերթը, նշում է, թե պահպանողականները պնդել են, որ իրենց համար «շատ դժվար» կլինի մնալ այն կառավարության կազմում, որը տրամադրված է ԵՄ-ից դուրս գալ առանց հանրակցության հետ գործարքի կնքման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: