
Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով

Վրաստանի զբոսաշրջության ոլորտը հուլիսին եւ օգոստոսին 113 մլն դոլար է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով: Այդ մասին հայտնել է հանրապետության զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մեր երկիրն առաջին կիսամյակում շահույթ է ստացել 1,5 մլրդ դոլարի չափով, ինչը 7 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Առանձին վերցված երկրորդ եռամսյակի դրամական ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները գերազանցում էին 8,4 տոկոսով:
Հենվելով այդ թվերի վրա՝ մենք ակնկալում էինք, որ երրորդ եռամսյակում պետք է աննախադեպ բարձր ցուցանիշ արձանագրվի: «…» Արդեն հուլիսին մեր երկիրը զբոսաշրջության ինդուստրիայում կորցրեց 57 մլն դոլար, իսկ ինչ վերաբերում է օգոստոսին, ապա այստեղ մենք պակաս ենք ստացել 56 մլն դոլար»,- ասել է Կվրիվիշվիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: