«Բաց հասարակություն» հիմնադրամին հալածո՞ւմ են․ իրականում ի՞նչ է եղել ամիսներ առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Բաց հասարակություն» հիմնադրամի (առավել հայտնի «Սորոսի գրասենյակ») հանդեպ, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավոր Գայանե Աբրահամյանի, անհանդուրժողականության մթնոլորտ է ձեւավորվել: Պատգամավորը երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է, որ ամռանը, երբ այս հիմնադրամի աջակցությամբ մի խումբ ուսուցիչներ տարբեր մարզեր են մեկնել` երեխաներին կրթելու, հարձակման են ենթարկվել:

Ովքե՞ր են եղել այդ ուսուցիչները, ի՞նչն է եղել այդ բախման պատճառը: Այս հարցերի պատասխանը թերթը փորձեց ստանալ ԱԺ պատգամավորի հետ առանձին զրույցում, սակայն Աբրահամյանը միայն նշեց, որ տարբեր ուսուցիչներ են եղել, ովքեր մարզերում հայոց լեզվի ու մաթեմատիկայի դասեր են տվել երեխաներին ու երբ վերադարձել են Երեւան` «Բաց հասարակություն» հիմնադրամի գրասենյակ` իրենց ճանապարհածախսերի համար փոխհատուցում ստանալու, հարձակման են ենթարկվել:

Պատգամավորը ծանուցեց, որ հարձակումն իրականացվել է Նարեկ Մալյանի եւ մի խումբ անձանց կողմից: Սակայն այդպես էլ հասկանալի չեղավ` որ մարզում են եղել նրանք, որտեղ եւ կոնկրետ ում կողմից են հարձակման ենթարկվել, ու ինչու այդ մասին իրավապահները տեղյակ չեն:

Նկատենք, որ «Սորոսի գրասենյակի» նկատմամբ ճնշումների մասին պատգամավորները՝ ի դեմս Մարիա Կարապետյանի, Արթուր Հովհաննիսյանի, Գայանե Աբրահամյանի, սկսեցին խոսել այն պահից, երբ Մալյանի հերթապահող խումբը ընդհարում ունեցավ գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ: Լուրեր կան, որ հանրության շրջանում առավել հայտնի «սորոսականները» վիրավորված են, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դանիբեկյանի հետ հայտնի միջադեպից հետո երիտասարդները կալանավորվեցին, սակայն հիմնադրամի տնօրենի նկատմամբ ոտնձգություն իրականացնողները մնում են ազատության մեջ:

Այս երկու երեւույթները «Սորոսի գրասենյակում» եւ դրա պատերից դուրս շատ է քննարկվում, եւ մեղադրանքներ են հնչում իշխանությունների հասցեին «սորոսականների» նկատմամբ խտրական վերաբերմունքի համար:

Երեկ էլ իշխող թիմի պատգամավորները ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ անդուրժողականության մթնոլորտը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան, որին, սակայն, միացան «Իմ քայլ»-ը խմբակցությունից 6 հոգի. Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանն ու Հերիքնազ Տիգրանյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս