
Apple-ը թողարկել է macOS Catalina-ի նոր տարբերակը

Apple ամերիկյան ընկերությունը macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ է թողարկել անհատական համակարգիչների եւ սերվերների համար։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 7-ին զետեղվել է ընկերության կայքում, օգտատերերը մուտքի հնարավորություն են ստանում Apple Arcade նոր ծառայություն, որտեղ հավաքված են նոր համակարգչային խաղեր: Բացի այդ, օպերացիոն համակարգը պարունակում է Apple Music, Apple Podcast եւ Apple TV հավելվածների նորացված տարբերակները:
Sidecar նոր գործառույթը հնարավորություն է տալիս iPad-ն օգտագործել որպես լրացուցիչ դիսփլեյ կամ Apple Pencil սարքի օգտագործմամբ տեղեկատվության ներմուծման համար: Voice Control գործառույթը, նշվում է հաղորդագրության մեջ, ապահովում է ձայնով կառավարելու հնարավորությունը, Mac Catalyst նոր գործառույթը դյուրացնում է անկախ մշակողների կողմից նոր հավելվածների ստեղծման հնարավորությունը, իսկ Screen Time գործառույթն «առաջին անգամ օգտատերերին հնարավորություն կտա տեսնել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հավելվածների օգտագործման եւ կայքերից օգտվելու վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: