Բաժիններ՝

Ֆրանսիայում բացվեց նոր կենտրոն, որը կոչված է հեղեղումներից պաշտպանել Լուվրի ցուցանմուշները

Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիեւեն կոմունայում բացվել է նոր կենտրոն, որը կոչված է հնարավոր հեղեղումներից պաշտպանել արվեստի ստեղծագործությունները փարիզյան Լուվրի հավաքածուից: Այդ մասին հաղորդվում է թանգարանի կայքում: «Rogers Stirk Harbour + Partners» բրիտանական ճարտարապետական ֆիրմայի կողմից նախագծված Լուվրի արվեստի ստեղծագործությունների վերականգնման եւ պահպանման կենտրոնը հանդիսավոր կերպով բացվել է հոկտեմբերի 8-ին: Մինչեւ 2024 թվականն այնտեղ կտեղավորվեն արվեստի շուրջ 250 հազար ստեղծագործություններ: Այսպիսով, այն կդառնա Եվրոպայում խոշորագույն գիտահետազոտական կենտրոններից մեկը»,- ասված է թանգարանի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է Լուվրի կայքում, թանգարանի մի քանի մշտական ցուցահանդեսային սրահներ ու հարկաբաժիններ, որտեղ պահպանվում են աշխատանքներ, գտնվում են այն գոտիներում, որտեղ հնարավոր են հեղեղումներ, ուստի վարչակազմը հարկադրված էր գտնել «մշտական լուծում՝ երաշխավորելու համար հավաքածուների պահպանվածությունը»: Այսպիսով, նոր կենտրոնի բացումը թանգարանի համար հնարավորություն է դարձել «բարելավելու արվեստի ստեղծագործությունների կոնսերվացման պայմանները եւ ավելի հարմար տարածք տրամադրելու ուսումնասիրությունների ու հետազոտությունների համար»:

Առաջին անգամ թանգարանը հանրության համար բացվել է 1793 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիական մեծ հաղափոխության ժամանակ: Այսօր Լուվրում պահվում է արվեստի ստեղծագործությունների մեծ հավաքածու, որոնք ստեղծվել են մեր թվականությունից առաջ 7-րդ հազարամյակից մինչեւ 1850-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս