ՀՀ նախագահի աշխատակազմը՝ Գեորգի Ասատրյանի նշանակման մասին
«Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական:
Ըստ աղբյուրի՝ նա զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արմեն Սարգսյանի, ինչպես նաև՝ երկու երկրների նախագահական վարչակազմերի միջև կապերի ամրապնդմամբ:
168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե արդյո՞ք Գեորգի Ասատրյանը երկքաղաքացի է, ինչպես նաև՝ արդյոք այս նշանակումը ենթադրո՞ւմ է, որ անհրաժեշտություն կա նախագահների միջոցով նոր որակ հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են.
«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ. Գեորգի Ասատրյանը հայտնի վերլուծաբան է՝ մասնագիտացած Կենտրոնական Ասիայի և հարավկովկասյան տարածաշրջանի հարցերում: Ինչ վերաբերում է նրա նշանակման մասին ռուսաստանյան մամուլի «վերլուծությանը», այն թերթի մեկնաբանությունն է և չի համապատասխանում իրականությանը: Գեորգի Ասատրյանը չի նշանակվել Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական կամ հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական:
Նա նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ իր մասնագիտական հարցերով, հասարակական հիմունքներով, որը չի հանդիսանում պետական պաշտոն, չի ենթադրում որևէ վարձատրություն, ինչպես նաև՝ նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ»:
Մարիամ Պետրոսյան