Բաժիններ՝

Իրանը ժամանակավորապես կչեղարկի այցագրային ռեժիմը Իրաքի քաղաքացիների համար

Իրանի իշխանությունները որոշում են ընդունել Իրաքի քաղաքացիների համար այցագրերի չեղարկման մասին, որը գործելու է երկու ամիս: Այդ մասին ասված է Իրաքում Իրանի դեսպանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 7-ին:

«Իրաքի բոլոր քաղաքացիները կկարողանան 2019 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը Իրան այցելել առանց այցագրի»,-նշվում է հայտարարության մեջ: Դեսպանությունը հուսով է, որ «այս միջոցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»:

Հոկտեմբերի 7-ին իրանցի սահմանապահները վերսկսել են Խոսրավի հսկիչ-անցակետի աշխատանքը Իրաքի հետ սահմանում, որն ավելի վաղ փակվել էր այդ երկրում տեղի ունեցող բողոքների պատճառով:

Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ: «Իրաքը եւ Իրանը երկու ժողովուրդ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց են շաղկապված Աստծո հավատով, իմամ Հուսեյնի եւ մարգարեի սերնդի նկատմամբ սիրով: Այդ միությունը օրեցօր ավելի կուժեղանա: Թշնամիները ձգտում են երկպառակություն սերմանել, բայց նրանք չկարողացան դա անել: Նրանց դավադրությունն արդյունք չի ունենա»,-ասված է Խամենեիի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների: Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում:

Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ Իրաքում տեղի ունեցած անկարգությունների ու բախումների հետեւանքով զոհվել է 104 մարդ, տուժել է ավելի քան 6,1 հազար հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս