«ԿԳՄՍՆ-ում մեր խնդրին չփորձեցին լուծում տալ». ԵՊՀ ուսանող
Այսօր ԵՊՀ մի քանի ուսանողներ գնացել էին ԿԳՄՍՆ` նախարար Արայիկ Հարությունյանին հանդիպելու և ԵՊՀ 100-ից ավելի այն ուսանողներին երրորդ լուծարքի հնարավորություն տալու առաջարկ ներկայացնելու նպատակով։ Ըստ ուսանողների՝ համալսարանից դուրս են մնում անտեղյակության պատճառով: 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Պատվական Մարգարյանը, որ ոչ մի լուծարք չունի և եկել է միայն սատարելու ընկերներին, ասաց, որ նախարարի հետ չեն հանդիպել, իրենց լսել է տեղակալ Գրիշա Թամրազյանը:
«Մենք միջանցքում էինք, մեզ մոտեցավ Համալսարանների բաժնի պետը, կարծեմ այդպես ներկայացավ: Նրանից հետո մեզ լսելու եկավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Մենք ներկայացրինք խնդիրը, սակայն մեզ ասացին, որ հարցը փակված է, և ցանկություն չունեն այն քննարկելու: Մեր խնդրին չփորձեցին լուծում տալ: Ուսանողներից մեկի միջոցով հանդիպեցինք վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, ասաց՝ կուսումնասիրի խնդիրը, կխոսի նախարարի հետ, կփորձեն լուծում գտնել»:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել Մայր բուհի դիմաց: Նրանք վստահեցնում էին, որ իրենց ավելի քան 100 ընկերներ դուրս են մնացել համալսարանից անտեղյակության պատճառով, և խնդիրը միայն ԵՊՀ-ում չէ:
«Ուսանողներն ու դասախոսներն իմացել են, թե հնարավոր է երրորդ լուծարք ևս հանձնել, նույնիսկ երկրորդ լուծարքի ժամանակ ուսանողներից շատերին ասել են՝ գնա, լավ պատրաստվի, կգաս՝ կհանձնես: Անգամ եղել են ուսանողներ, ովքեր ոչ թե չեն կարողացել հանձնել քննությունը, այլ ստացիոնար բուժման են եղել և մտածել են, որ հնարավորություն կունենան դեռ հանձնելու, կամ՝ այլ պատճառներով չեն ներկայացել քննության: Մինչ այս հնարավոր եղել է երրորդ լուծարք հանձնել, կարծեմ որոշակի սահմանված գումարի չափ է եղել՝ 10.000 դրամ, մուծել և հանձնել են, սակայն այս տարի երրորդ լուծարք ուսանողներին թույլ չեն տվել հանձնել»,- ասաց ուսանող Պատվական Մարգարյանը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն էր ընդունել ուսանողներին, ասել էր, որ խնդրի լուծումն իր լիազորությունների սահմանում չէ, ուսանողներն էլ որոշել էին ԿԳՄՍ նախարարին դիմել:
«Մենք ուզում ենք, որ մեր ընկերներին հնարավորություն տրվի ևս մեկ անգամ քննություն հանձնել»,- ասաց ուսանողներից մեկը:
Ավելի վաղ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքն ինչ աշխատում է ԵՊՀ-ում, այդ խնդիրը կա, գրեթե ամեն կիսամյակ ուսանողներն ակցիա են անում լուծարքային երրորդ շրջանի համար: Ուսանողները երրորդ լուծարքային շրջանից օրենքով զրկված են դեռ 2013թ.-ից:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ