«Մեզ առանց ազատման հրամանի՝ ստիպում են ազատել մեր աշխատասենյակը». Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներ
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներ, սոցիալական բաժնի առաջին կարգի մասնագետ, համայնքային ծառայող Հասմիկ Իսահակյանն ու առաջատար մասնագետ Անի Ալեքսանյանը: Նրանք բողոքում էին իրենց նկատմամբ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կատարած, իրենց խոսքով, ապօրինի գործողություններից:
Աշխատակիցները նշում են, որ ս/թ սեպտեմբերի 30-ին իրենք ծանուցագիր են ստացել, որ, ըստ կարգի, նախապես երկու ամիս առաջ տեղեկացվելով՝ իրենք դեկտեմբերի 2-ից աշխատանքից ազատված են:
«Մինչ այդ գիտեինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ցուցակներ են ուղարկել, կրճատումներ են լինելու, հարմարվել էինք, որոշել փնտրել նոր աշխատանք»,- խնդիրը ներկայացրին Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները:
Նրանք նշում են, սակայն, որ ծանուցման մեջ իրենք նկատել են օրենքի բազմաթիվ խախտումներ և, խորհրդակցելով իրավաբանների հետ՝ որոշել են չստորագրել դրանք:
«Ըստ օրենքի՝ ծանուցագրի մեջ գործատուն պետք է անպայման կրճատվող մասնագետին առաջարկի այլ աշխատանք՝ համարժեք վարձատրությամբ, կամ նշի, որ չունի համապատասխան հաստիք ու չի կարող կատարել օրենքի այդ պահանջը»,- ծանուցագրում տեղ գտած խախտումներից օրինակ են ներկայացնում կրճատվող աշխատակիցները ու նշում, որ քանի որ իրենք չեն ստորագրել ծանուցումը, վարչական շրջանի ղեկավարը չի կարողանում իրենց ազատման հրամանները տալ:
Նրանք ասում են, որ այն աշխատակիցները, ովքեր անտեսելով օրենքի խախտումը՝ այնուամենայնիվ, ստորագրել են ծանուցագիրը, աշխատանքից ազատվել են ոչ թե դեկտեմբերի 2-ի ամսաթվով, ինչպես ասված էր, այլ հոկտեմբերի 2-ի, և որպես փոխհատուցում, որ իրենք 2 ամիս շուտ են ազատվել, նրանց խոստացվել է վճարել այդ երկու ամսվա աշխատավարձը, ինչը, պնդում են վարչական շրջանի աշխատակիցները, նույնպես օրենքի խախտում է:
«Իսկ մեզ, որ այդ ծանուցագիրը չէինք ստորագրել, ըստ էության չեն կարողանում ազատել աշխատանքից, և դրա համար էլ այսօր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ապօրինի կերպով մարդ է ուղարկում մեր բաժին ու ասում, որ մենք հանձնենք գույքն ու ազատենք սենյակը: Պատճառաբանում են, որ ՏԿԵ նախարարությունից պահանջում են արագացնել գործընթացը»,- ասում են խմբագրություն ահազանգած համայնքապետարանի աշխատակիցները:
Վերջիններս նշում են, որ իրենք հանձնել են ծանուցագրերը կադրերի բաժին, որոնց վրա գրել են, որ համաձայն չեն ծանուցման հետ ու չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում:
«Սեպտեմբերի 30-ից ի վեր տարբեր խողովակներով Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին խնդրում ենք երկու րոպեով ընդունել մեզ: Ցանկանում էինք խոսել, բացատրել, որ սխալ ծանուցում են տվել մեզ, բայց այդպես էլ մինչ օրս չի ընդունել մեզ. Ժամանակ չունի: Բոլորի համար ունի, մեզ համար՝ ոչ»,- ասացին աշխատակիցները:
Նրանք հավելում են, որ անպայման դիմելու են դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար:
«Հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստ է լինելու: Իրենք էլ են տեղյակ խնդրից: Եթե, այնուամենայնիվ, դրանից հետո էլ, առանց մեր ստորագրելու՝ ազատման հրաման տան, կփորձենք դատարանում լուծել այդ հարցը»,- եզրափակեցին նրանք:
Գոհար Սավզյան