«Սա «իմքայլական» ահաբեկչության երկրորդ փուլն էր

Առաջինը դատական համակարգի նկատմամբ ոտնձգություններն էին». Գագիկ Համբարյան Կատարվածը միայն լրագրողական գործունեության արդյունք չէ: Սրանով նաև ազդարարվեց ընդդիմադիր մամուլի վրա բացահայտ հարձակումների սկիզբը, և սա իմքայլական ահաբեկչության երկրորդ փուլն էր: Այսպիսին էր գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի արձագանքը այսօր լրագրող Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը:

«Իմքայլական ահաբեկչության առաջին փուլը դատական համակարգի նկատմամբ ոտնձգություններն էին: Հիմա բացահայտ արդեն սրանով վախեցնում են ընդդիմադիրներին, ովքեր հանդգնում են քայլել դատավորների կողքով, ընդդիմադիրներին, ովքեր իրենց թույլ են տալիս իրենց լրատվամիջոցներում քննադատել գործող իշխանությունների գործունեությունը»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Գյումրեցի քաղաքագետը ընդհանուր առմամբ նշոմ է, որ այն փաստը, թե իբրև Ադրբեջանի նախագահի խոսքերի համար է եղել հարձակումը, իհարկե, կեղծիք է, որովհետև ժամանակին նույն «Հայկական ժամանակ» օրաթերթը ավելի թունդ հոդվածներով էր հանդես գալիս` առաջիններից մեկը հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակելով ադրբեջանական իշխանությունների և նույն Ադրբեջանի նախագահի` Հայաստանին վերաբերող հայտարարությունները:

«Հիմա պարզվում է, որ եթե հրապարակում ես, ուրեմն թշնամի ես»,-տարակուսում է Գագիկ Համբարյանը: Վերջինիս կարծում է, որ հաջորդիվ հարձակումներ կլինեն մյուս բոլոր լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների վրա, ովքեր իշխանությունների համար ոչ հաճո հրապարակումներ կանեն կամ հաղորդումներով հանդես կգան:

«Եվ, ինքնըստինքյան, սա ոչ միայն դատապարտելի է, սա նաև վտանգավոր ազդակ է իր մեջ պարունակում: Սրանով իշխանությունները սկսեցին բացահայտ ցույց տալ, որ իրենք նպատակ չունեն իրենց քթի տակ տեսնել ազատ կամ ընդդիմադիր մամուլ»,-ասաց Գագիկ Հաբարյանը: 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք վերջինս կարծում է, որ այս արարքն ուղղորդված էր իշխանությունների կողմից, վերջինս արձագանքեց` անխոս:

«Եթե համապատասխան հարձակվողները խիստ պատժի չարժանանան, ուրեմն սա բացահայտ ուղղորդված է: Եթե հարձակվողները չարժանանան նույն պատժին, ինչ դատավոր Աննա Դանիբեկյանի կողքից գնացած երկու անձինք, ովքեր, ըստ իշխանությունների, խոչընդոտել են անկախ դատական իշխանության գործունեությանը, ուրեմն սա ևս մեկ ազդակ է, որ իշխանությունները իրոք հասարակությանը բաժանել են սևերի և սպիտակների և մեխանիկորեն իրենք իրենց սպիտակ համարելով` իրենց յուրայիններին պաշտպանելու են ամեն կերպ»,-նկատեց գյումրեցի քաղաքագետը` հավելելով, դա ինքնըստինքյան բերելու է «իմքայլական» տեռորի բոլոր բնագավառներում: Մեր այն հարցին, թե արդյոք ինքը կարծում է, որ դատական իշխանությունից հետո երկրորդ թիրախը ԶԼՄ-ներն են լինելու, Գագիկ Համբարյանն ասաց` այո, որովհետև պարոն Փաշինյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը սարսափելի նյարդայնանում են լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ քննադատական կամ բացասական նյութերից: «Ես երևի թե գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ժամանակի Բաղրամյան 26-ի հովանավորությամբ բացված հանրաճանաչ տեղեկատվական ՊՈԱԿ-ը, որի ֆեյքերը հիմնականում պայքարում էին ադրբեջանցիների և թուրքերի դեմ, հիմա կոնկրետ ուղղված են ներքին «թշնամու» դեմ պայքարին, և դրա վառ օրինակը մենք հիմա սոցցանցերում կոնկրետ տեսնում ենք»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս