«Պատահական չէ Հրայր Թովմասյանի անվան շահարկումը այդ գործողության ընթացքում. տեղի ունեցածին պետք է տրվի քրեաիրավական որակում». փաստաբաններ
Այսօր հայտնի դարձավ, որ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա, որը պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քրոջը` Անժելա Թովմասյանին:
Փաստաբան ՏիգրանԱթանեսյանը, 168.am-ի հետ զրույցում խստորեն դատապարտելով ազատ մամուլի վրա հարձակումը, նշեց, որ կատարվածը բացահայտորեն ուղղված է Անժելա Թովմասյանի լրագրողական գործունեության դեմ:
«Ակնհայտ է սակայն, որ տեղի ունեցածն անմիջականորեն կապ ունի Անժելա Թովմասյանի եղբոր` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ու գտնվում է ՍԴ դեմ ուղղված գործողությունների տրամաբանության մեջ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը: Վերջինս վստահ է, որ նման արարքները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման ու պարսավանքի, պետք է տեղի ունեցածին տրվի քրեաիրավական որակում:
«Քննություն պետք է տեղի ունենա: Պետք է պարզվեն`ովքե՞ր են կազմակերպիչները, ի՞նչ նպատակով են դա արել և այլն, այսինքն` բացահայտվի ողջ ճշմարտությունը»,-նշեց Տիգրան Աթանեսյանը:
Մեր այն հարցին, թե եթե հարձակվողները վստահ չլինեին իրենց անպատժելիության մեջ, արդյոք բացահայտրեն կդիմեի՞ն նման արարքի, փաստաբանն ասաց, որ նույն կերպ մարդիկ վստահ էին անցած տարի, երբ Մարալիկում հարձակվեցին Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի վրա, և այժմ միայն իշխանությունները կարող են այդ հարցի հասցատերը լինել:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս խիստ մտահոգիչ է համարում ԶԼՄ-ի դեմ իրականացված այդ քայլը և գտնում է, որ հատկապես տեղի ունեցածին զուգահեռ տեսանյութում առկա մեկնաբանություններն են մտահոգիչ, որոնք վկայում են այն մասին, որ սա ուղղված է կոնկրետ ԶԼՄ-ի դեմ, ավելին` կոնրետ լրագրողի, նրա մասնագիտական գործունեության դեմ և նպատակ ունի ինչ-որ բան արգելել իրականացնել այդ լրագրողին կամ ԶԼՄ-ին:
«Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ անընդհատ շեշտվում է, թե ում ազգականն է լրագրող Անժելա Թովմասյանը: Պատահական չեմ համարում Հրայր Թովմասյանի անվան շահարկումը նաև այդ գործողության ընթացքում, ինչը կարող է դիտարկվել որպես ուղիղ ճնշում Սահմանադրական դատարանի նախագահի վրա»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Վերջինս ակնկալում է, որ համապատասխան արձագանք այս ամենը կստանա և միջազգային հանրության կողմից: Բացի դրանից, սրան արձագանքել պարտավոր են նաև Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները:
«Բայց առավել կարևոր է, իհարկե, իշխանությունների արձագանքը, թե ի՞նչ գործողություններ իրենք կձեռնարկեն: Սպասենք, տեսնենք` ինչ միջոցներ են ձեռնարկվելու: Արդյո՞ք գործի է դրվելու երկակի ստանդարտների կիրառումը թե՞ գործ ենք ունենալու իրավական պրոցեսի հետ»,-եզրափակեց Երվանդ Վարոսյանը:
ԳոհարՍավզյան