Զոհված սերբ օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է․ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հիշատակի խաչքարի մոտ
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։
Այստեղ նրանց դիմավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը։
Նախագահները հարգանքի տուրք են մատուցել զոհված օդաչուների հիշատակին։ Արարողությանը ներկա են գտնվել նաև զոհված օդաչուների ընտանիքի անդամները։ Հայաստանի և Սերբիայի նախագահները զրուցել են նրանց հետ։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ պատահական չէր, որ այդ օրերին եղբայրական Սերբիան առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց հայերին։
«1988-ի աղետալի երկրաշարժը մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար, ու մենք կրկնակի ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ մեզ օգնության եկած օդաչուներն աղետի են ենթարկվել։ Զոհված օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է, և Հայաստանում, ինքնաթիռի կործանման վայրում, նրանց հիշատակին կանգնեցված է հուշարձան, որը դարձել է հայ և սերբ ժողովուրդների բարեկամության ինքնատիպ վկայություն»,-նշել է նա։
Նախագահ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրին և սերբական Նովի Սադը քույր քաղաքներ հռչակելու մասին և ասել, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել Հայաստանում։