«Ասում էին, չէ՞՝ սանիկներից կվերջացնեն, կանցնեն ընտանիքի անդամերին». Անժելա Թովմասյանը իրավապահ մարմիններից հրատապ գնահատական է պահանջում
Քիչ առաջ ՝ 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբի դռանն ու պատերին։ Ակցիայի մասնակիցներից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը և իրենց պահանջի պատճառը Hayeli.am կայքում հրապարակված՝ «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
168.am-ի հետ զրույցում «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար և համանուն կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանը տեղի ունեացածը որակեց խուլիգանություն.
«Սա խուլիգանություն է, որին պետք է շատ արագ տրվի իրավական պատասխան։ Միայն ողորմելի ուղեղով մարդկանց գլխում կարող էր ծնվել միտք առ այն, որ Անժելա Թովմասյանը կարող է հակահայկական քայլ կատարել։ Իսկ եթե շատ են փնտրում նման մտքեր, ապա պետք է փնտրողներին հիշեցնենժմ, որ արդեն մեկ տարի է, ինչ պարբերաբար ասում ենք, որ Արցախի վերաբերյալ չմտածված, չտրամաբանված քայլերն անպատասխան չեն մնալու։ Ինչ վերաբերում է Hayeli.am-ում հրապարաված և այդ խուլիգանությունը կատարողների կողմից մեջբերված հոդվածին, ապա պետք է ուշադիր լինեին և նկատեին վերնագրում առկա չակերտները, թեև հոգ չէ՝ հեղինակը քիչ անց հանդես կգա պարզաբանմամբ»,- ասաց Անժելա Թովմասյանը։
Վերջինս նշեց, որ արդեն տևական ժամանակ է՝ ոմանց կողմից թիրախավորվում է Hayeli.am կայքը, իսկ նախկին ոստիկանապետի՝ վերջին խոսքերի հրապարակումից հետո կայքի գլխավոր հեղինակին հարցաքննության կանչելը դարձավ այդ թիրախավորման ևս մեկ ապացույցը։
«Ես երկրում չեմ, երկուշաբթի անպայման կվերադառնամ, իսկ մինչ իմ վերադարձը ՀՀ իրավապահ մարմիններից այսօր «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրականացված խուլիգանության համար ակնկալում եմ, պահանջում եմ հրատապ իրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը չտրվի, ապա իմ կողմից կլինի համարժեք պատասխան»,- ասաց Թովմասյանը։
Հարցին՝ տեղի ունեցածը կապո՞ւմ է արդյոք Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը լինելու հանգամանքի հետ, Անժելա Թովմասյանը պատասխանեց.
«Իհարկե՛, ասում էին, չէ՞՝ սանիկներից կվերջացնեն, կանցնեն ընտանիքի անդամերին»։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ