Հրաժարական ներկայացրած Տրդատ Սարգսյանը դեռ ծեծված փոխգնդապետին չի այցելել

Վայոց ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Տրդատ Սարգսյանը դեռ չի այցելել ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ի պաշտպանություն Մխիթարյանի կազմակերպված ակցիայի համակարգող, «Պահեստազորայինների միության» անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը։

«Տրդատ Սարգսյանը դեռ չի այցելել Արա Մխիթարյանին, որի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Թեև նա աչքերը բացել է, սակայն դրանից ավել դրական դինամիկա մինչ այս պահը չկա»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ, թեև այս օրերին Մխիթարյանի պաշտպանության համար ակցիաներ չեն կազմակերպում, սակայն դա չի նշանակում, որ սպաների շարքում տրամադրությունները հանդարտվել են։

Նշենք, որ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով Քննչական կոմիտեում քննվող քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ Հարություն և Զավեն Գրիգորյաններին, որոնք կալանավորվել են. Հարություն Գրիգորյանը Տրդատ Սարգսյանի օգնականն էր։

Հիշեցնենք, որ հենց իր օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում, բայց շարունակում է պնդել, որ որևէ առնչություն չունի Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս