Բաժիններ՝

Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։

Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն վճարել է 35 հազար դրամ, իսկ գումարի մյուս մասը՝ 40 հազար դրամները, փոխանցել է համայնքի ղեկավարին։ 2018 թվականի ընթացքում բանկային քարտերը տրամադրել են հավաքարարներին՝ հայտնելով՝ իբր աշխատավարձը բարձրացել է։

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարն իր հարազատին հրամանագրել է փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա աշխատանքի չի ներկայացել, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ աշխատավարձը յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է։

Պարզվել է, որ համայնքի ղեկավարն ամբողջովին քանդել է Մարալիկ քաղաքում կառուցվող դպրոցն ու շինանյութը վաճառել մի գյումրեցու։ Նա համայնքի գերեզմանատունը ցանկապատելու պատրվակով համայնքապետարանի բյուջեից դուրս է գրել 3 միլիոն դրամ, սակայն ցանկապատը չի կառուցվել, իսկ փողը յուրացվել է։ Բացի այդ, համայնքի ղեկավարը ՌԴ մի քաղաքացու, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, հատկացրել է բնակարան։ Քաղաքացին տունը վաճառել է՝ փողը փոխանցել համայնքապետին։

Յուրացրել է նաև 2014-2017 թվականների ընթացքում համայնքի բյուջեից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես օգնություն դուրս գրված գումարները, իսկ 2012 թվականին ապամոնտաժել և վաճառել է համայնքի տարածքի 30 սմ տրամագծով, 280 մետր երկարությամբ ոռոգման երկաթյա խողովակներն ու գումարը յուրացրել։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս