
Լոնդոնում էկոակտիվիստները արհեստական արյուն են հեղել ֆինանսների նախարարության շենքի վրա

Լոնդոնում էկոակտիվիստները, որոնք բրիտանական իշխանություններից պահանջում են ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության համար, հոկտեմբերի 3-ի առավոտյան արյուն նմանակող կարմիր գույնի հեղուկ են լցրել ֆինանսների նախարարության շենքի վրա: Այդ մասին վկայում են այն լուսանկարները, որոնք զետեղվել են սոցիալական ցանցերում։
Ֆինանսների նախարարության շենքն արհեստական արյունով պատելու համար, որն, ըստ նախնական տվյալների, եղել է շուրջ 2 հազար լիտր, ակտիվիստներն օգտագործել են հրշեջ մեքենա: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կոչված են ուշադրություն հրավիրել բնապահպանության խնդիրների վրա: Սեպտեմբերին Extinction Rebellion շարժման էկոակտիվիստները փորձել են խախտել «Հիթրոու» օդանավակայանի աշխատանքը, ինչպես նաեւ փակել են քաղաքի փողոցները: Հուլիսին բնապահպան ակտիվիստները արգելափակել են բետոնի գործարանի մուտքը: Ապրիլին շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարող մարտիկները հանրահավաքներ են անցկացրել Լոնդոնի տարբեր մասերում՝ փակելով տրանսպորտի երթեւեկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: