Բաժիններ՝

Չորս անձի մեղադրանք է առաջադրվել՝ Դիլիջանի սոցիալական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների գործով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակիչների:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետը, ով 2012 թվականի հուլիսից զբաղեցրել է նշված պաշտոնը, սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու դիմաց, հովանավորչության և թողտվության համար, այն է՝ քաղաքացու կողմից սպառած էլեկտրաէներգիայի և գազի սահմանված քանակի գերազանցման հանգամանքը Դիլիջանի սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի նիստով հարթելու նպատակով, քաղաքացուց պահանջել և շորթմամբ ստացել է կաշառք՝ յուրաքանչյուր տարի երկու ամսվա սոցիալական նպաստի գումարի չափով՝ հակառակ դեպքում սպառնալով զրկել նպաստից:

Բացի այդ, Ծառայության պետը, տեղեկանալով, որ Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակիչ ցանկանում է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում և որ նրա անվամբ առկա են գրանցված ավտոմեքենաներ, վերջինիս հայտնել է, որ այդ պատճառով նա չի կարող օգտվել ծրագրից՝ միաժամանակ նրան ուղորդելով ամուսնալուծվել կնոջից՝ ընտանեկան նպաստից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար: Քաղաքացին, փաստացի բնակվելով կնոջ հետ, ամուսնալուծվել է, կինը դիմում-հայտարարագրերում լրացրել է կեղծ տվյալներ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու ու փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Իսկ Ծառայության պետը, քաջատեղյակ լինելով ներկայացված դիմում-հայտարարագրերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելու մասին, դրանց տվել է ընթացք՝ կնոջն ընդգրկելով Ծրագրում և հովանավորչության ու թողտվության համար պահանջելով և յուրաքանչյուր ամիս ստանալով ընտանեկան նպաստից որոշակի չափի գումար: Արդյունքում՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կնոջը տրամադրվել է ընտանեկան նպաստ՝ ընդհանուր 1.350.000 ՀՀ դրամ գումարի չափով, ինչը նա հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ծառայության պետը խաբեությամբ գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու հարցում խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելով օժանդակել է Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակչի ևս:

Այսպես. Տավուշի մարզի բնակչուհին, ով ցանկացել է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում, սակայն իմանալով, որ ամուսնու անվամբ գրանցված ավտոմեքենաների պատճառով չի կարող օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից, Ծառայության պետի խորհրդով հաշվառվել է այլ հասցեում և խաբեությամբ գումար հափշտակելու միասնական  դիտավորությամբ լրացրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դիմում, որտեղ ներառել է կեղծ տեղեկություններ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու և փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ լինելու հանգամանքը: Ծառայության պետը, քաջատեղյակ լինելով կնոջ կողմից ներկայացված փաստաթղթերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելուն,  դրանց տվել է ընթացք, որի հիման վրա կինը 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է խոշոր չափերի՝ ընդհանուր 966.000 ՀՀ դրամի չափով ընտանեկան նպաստ, ինչը հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս երկուսին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Ծառայության պետի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջիններիս պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ Գործակալության պետի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ ևս 4 մեղադրյալի մասով որոշում է կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու` համաներման ակտի ուժով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս