«Ներկայացված փաստաթուղթը խոցելի է՝ սկսած ժամկետների խախտումից, վերջացրած այս լրջագույն փաստաթղթում «Վիքիպեդիան» որպես աղբյուր մատնանշելով». Իվետա Տոնոյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ ամբիոնից իր գործընկերներին դիմեց հատուկ ձևով.
«Հատուկ շեշտում եմ՝ սիրելի՛ գործընկերներ, որովհետև երեկվանից ևս մեկ անգամ համոզվեցի, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից այս նախագծի քննարկմանը չմասնակցելու որոշման բարձրաձայնումից հետո իմ որոշ գործընկերներ մոռացան փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական քննարկում ծավալելու անհրաժեշտության մասին։ Երեկվանից համացանցը ողողված է հուզական, ազգային-ազատագրական, ռազմահայրենասիրական գրառումներով, ինչի հետ կապված մենք փորձել ենք տալ մաքսիմալ կոռեկտ ու բացառապես իրավական գնահատական»,- ասաց Իվետա Տոնոյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ չեն մասնակցելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ իշխող խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումներին։
Տոնոյանը նշեց, որ իրավական առումով ներկայացված փաստաթուղթը խոցելի է՝ սկսած ժամկետների խախտումից, վերջացրած այս լրջագույն փաստաթղթում «Վիքիպեդիան» որպես աղբյուր մատնանշելով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ Հրայր Թովմասյանն իրենց կուռքը չէ, իրենք էլ նրա ֆան ակումբի անդամ չեն, և եթե իրենք նկատեն որևէ կարգապահական խախտում, ապա սահմանափակումներ չկան, և այդ մասին կբարձրաձայնեն։
Տոնոյանը հավելեց, որ, եթե ներկայացված նախագծի վերաբերյալ խորհրդարանական կոնսենսուսը հեղինակների համար կարևոր էր, ապա կարելի էր խորհրդարանական խմբակցությունների հետ նախապես ունենալ քննարկում։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ