«Հիմա կասեն, թե ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին». Նիկոլ Փաշինյան
Գործադիրն այսօր հավանություն տվեց օրենսդրական այն կարգավորմանը, որի համաձայն՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալները հասանելի կլինեն լրատվամիջոցներին առանց լրացուցիչ վճարի։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այժմ լրատվամիջոցներն այդ տեղեկատվությունը ստանալու համար տուրք են վճարում, սակայն նախագծի փաթեթի ընդունմամբ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբական անձանց և անհատ ձեռներեցներին արտոնություն կստանան։
Օրենքով չի սահմանափակվի նաև լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվության ծավալը։ Լրատվամիջոցը, սակայն, հայտի մեջ պարտավոր է լինելու գրել լրատվական գործունեություն իրականացնող անձի ամբողջական անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, իր անուն-ազգանունը, հաշվառման համարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հիմա կասեն, թե ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետև ուզում ենք պարզել, թե ովքեր են իրական սեփականատերերը»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետռեգիստրի տվյալների բազան ազատականացնելու առաջարկը մեկ տարի առաջ ներկայացրել էին հենց լրագրողները։