«Այո, նա չկա, ու Դուք գնալու եք իր հետևից. Սատանայի փաստաբան լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին». Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

Բացասական գնահատելով այն հանգամանքը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկա չէ իր հարցով լսումներին՝ ԱԺ-ը փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՍԴ նախագահի երեկվա հարցազրույցին, որում վերջինս իր դեմ սկսված պրոցեսը քաղաքական էր որակել ու միտված ՍԴ-ն՝ որպես ինստիտուտ, չեզոքացնելուն կարևորագույն որոշումներ ընդունելիս:

«Պարոն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք: Դուք ընդամենը մեկ անդամ եք այդ դատարանի: Մի վերագրեք Ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիան, մի փորձեք դրանով «հանցակից» սարքել ՍԴ մնացած անդամներին, դատավորներին: Շատ կարևոր է, ի դեպ, նշեմ լեզվամտածելակերպը և էլի փաստեր կբերեմ՝ դրա հետ կապված: Ասում եք՝ քաղաքական որոշում: Ի՞նչ քաղաքական որոշման մասին է խոսքը: Ընդամենը մեկ հարցի շուրջ է այս օրերին քննարկում եղել, որի հետ կապված՝ Դուք մի որոշում եք հրապարակել, որի պատճառով հետաքրքրված կողմերը, ժողովրդական լեզվով ասած, ընկել են կոֆե բաժակ նայողի մոտ, որ հասկանան՝ ինչ եք գրել»,- դիմելով ՍԴ նախագահին՝ ասաց ԱԺ փոխխոսնակը:

Վերջինս կարծում է, որ, բացի օրենքից, ՍԴ նախագահը, դատավորը և առհասարակ դատավորը պետք է վստահություն վայելի ՀՀ քաղաքացիների մոտ:

«Դուք, պնդում եմ, վստահություն չեք վայելում, որովհետև գրել եք Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, գրել եք Ընտրական օրենսգիրք, որպեսզի նա կարողանա վերարտադրվել ու մի հատ տեսնի՝ ով, ինչքան ձայն է բերում, ըստ դրա՝ վարձահատույց լինի: Հանրությունը Ձեզ չի վստահում ու չի վստահելու Ձեր որոշումներին այսուհետ: Եվս մեկ բան: Ձեր հարցազրույցի մեջ ասում եք՝ նա չկա, ով ինձ նշանակել է, արդեն: Այո, նա չկա: Ձեզ նա չի նշանակում, Ազգային ժողովն է նշանակում: Այո, նա չկա, ու Դուք գնալու եք իր հետևից: Սատանայի փաստաբան լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին: Դուք եղել եք նրա փաստաբանը, նրա պրոյեկտներն իրականացնողը, և իրավական ձևակերպումներ տալու համար նա Ձեզ վարձահատույց է եղել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս