16 միլիարդից ավելի դրամ՝ հակակոռուպցիոն ռազմավարության համար. ինչ է սպասվում քննչական մարմիններին

Արդարադատության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Ըստ նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացնող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հակակոռուպցիոն կոմիտե, որոնք ունենալու են համագործակցության ճկուն կառուցակարգեր։

Ըստ նախարար Ռուստամ Բադասյանի՝ ամբողջությամբ վերանայվելու է իրավական համակարգը և 2021 թվականին ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, և 2021 թվականին լինելու է երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, և Հակակոռուպցիոն մարմին, որը կլինի հիմնական մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

«Սահմանելու ենք երեք տարի անցումային շրջան, որի ընթացքում ԱԱԾ-ի օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Քննչական կոմիտեն և Հատուկ քննչական ծառայությունը կարող են առանձին դեպքերում քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, մինչև հակակոռուպցիոն մարմինը վերջնական ձևավորվի»,- ասաց  նախարարը։

Ըստ Բադասյանի՝ հաստիքների փոխանցման գործընթացը մեխանիկական բնույթ չի կրելու, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն անցնելու են բարեվարքության գործընթաց։

Նախատեսվում է նաև հակակոռուպցիոն դատարանների և այլ կառուցակարգերի ստեղծում։

Նշենք, որ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 16 միլիարդ 528 միլիոն դրամ։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս