Բաժիններ՝

Իրաքում առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 650-ը՝ վիրավորվել բողոքի ակցիաների ընթացքում. Shafaq

Իրաքում առնվազն 12 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում, վիրավորների թիվը հասել է 650-ի: Այդ մասին հայտնել է Shafaq գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովին:

«Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 11 ցուցարար եւ անվտանգության ծառայությունների մի աշխատակից, վիրավորվել է 650 մարդ, այդ թվում՝ 87 ուժային»,-գործակալությունը մեջբերել է հանձնաժողովի ղեկավար Ալի ալ Բայաթիի խոսքը:

Նրա տվյալներով՝ բերման է ենթարկվել 122 մարդ, որոնց մեծամասնությունն արդեն ազատ է արձակված: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին հայտարարել է հոկտեմբերի 3-ի առավոտվա ժամը 5-ից երկրի մայրաքաղաք Բաղդադում պարետային ժամ սահմանելու մասին:

Պարետային ժամ է մտցվել նաեւ մի շարք այլ նահանգներում: Բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին, դրանց մասնակիցներին ցրելու ընթացքում զոհվել է երկու, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ: Հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաներն ընդգրկել են ոչ միայն Բաղդադը, այլեւ մի քանի այլ նահանգներ՝ Զի-Կարը, Վասիթը, Նաջաֆը, Դիվանիան, Բաբիլը:

Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, լուծել առողջապահության, կրթության ոլորտի, աշխատաշուկայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս