Բաժիններ՝

Brexit-ի շուրջ ԵՄ-ի բանակցորդը առաջընթաց է արձանագրել Ջոնսոնի նոր առաջարկություններից հետո. Reuters

Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այն կարծիքին է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի հասնելու վերաբերյալ թագավորության վարչապետ Բորջ Ջոնսոնի նոր առաջարկությունները «զգալի առաջընթաց» են ապահովել բանակցություններում, բայց դեռեւս շատ աշխատանք կա անելու: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Առաջընթաց արդեն կա, բայց, անկեղծ ասած, հարկավոր է դեռ շատ աշխատել, որպեսզի կատարվեն «բեքստոպ» ռեժիմի (ռեժիմը կոչված է Brexit-ից հետո ապահովելու սահմանի թափանցիկությունը Իռլանդիա կղզում) երեք խնդիրները՝ ապահովել սահմանի բացակայությունը, պահպանել ընդհանուր տնտեսական տարածությունը Իռլանդիայի ամբողջ տարածքում եւ պաշտպանել միասնական շուկան»,-գործակալությունը մեջբերել է Բառնիեի խոսքը:

ԵՄ-ի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Եվրամիությունը երբեք ընտրություն չի անի առանց գործարքի Brexit-ի օգտին: Նա հավելել է, որ Բրյուսելում շարունակում են համաձայնագրի վրա աշխատել բրիտանական կողմի հետ համատեղ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը:

Ջոնսոնի առաջարկությունները «բեքստոպ» ռեժիմի՝ ԵՄ-ի եւ վարչապետի պաշտոնում նրան նախորդած Թերեզա Մեյի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնագրի բաղկացուցիչ մասի այլընտրանքն են եւ մինչ այժմ փորձաքար են ԵՄ-ի հետ Լոնդոնի բանակցություններում: Այն ենթադրում է, որ անցումային շրջանի ավարտից հետո Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության բաղկացուցիչ մասը կմնա անորոշ երկար ժամանակ, քանի դեռ Լոնդոնը եւ Բրյուսելը համաձայնության չեն գա Brexit-ից հետո Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկությունն ապահովելու հուսալի միջոցի շուրջ: Հյուսիսային Իռլանդիան մաքսային միությունը կլքի անցումային շրջանի ավարտվելուց հետո, իսկ ամբողջ կղզու տարածքում կսահմանվի հատուկ մաքսային ռեժիմ, որը կտարածվի բոլոր կատեգորիաների ապրանքների վրա:

Բրիտանական պլանը հնարավոր է համարում ժամանակավոր սահմանի հայտնվելը Իռլանդական ծովում եւ մաքսային ստուգումները ԵՄ-ից Միացյալ Թագավորության կազմում դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրամիության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտման պահից չորս տարվա ընթացքում: Հյուսիսային Իռլանդիան կշարունակի մնալ միասնական շուկայում, բայց 2025 թվականին նրա խորհրդարանը որոշում կընդունի այն մասին, թե նրա համար կշարունակեն արդյոք գործել ԵՄ-ի կանոնները, թե անհրաժեշտ է անցնել բրիտանական նորմերի կատարմանը, որոնք այդ ժամանակ արդեն կարող են խիստ տարբերվել եվրոպականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս