Իշխանությունների միաձուլում, ընտրովի արդարություն, իրավականության դեֆիցիտ. Այս ամենը Հայաստանը վերածում են տոտալիտար պետության
Armenia First նախաձեռնող խումբը կազմակերպել էր «Իրավական պետության դեֆիցիտը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով քննարկում երիտասարդների հետ։ Իրավական պետության տեսական եւ գործնական հարցերի շուրջ բանախոսությամբ հանդես եկան «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը եւ սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը։
Գոհար Մելոյանը թեման ներկայացրեց վերջին 1.5 տարում Հայաստանում ընթացող զարգացումների համատեքստում։ Իրավաբանն ընդգծեց, որ իրավական լինելը պետության կարեւորագույն բնութագրիչ սկզբունքն է։ Որպես իրավական պետության հիմնարար սկզբունք նա առանձնացրեց իշխանությունների տարանջատման, օրինականության սկզբունքները, ինչպես նաեւ՝ իրավունքի գերակայությունը։ Ըստ տիկին Մելոյանի՝ իրավական պետության հիմնական նպատակն անձանց հետ փոխհարաբերությունների շրջանակներում պետական մարմինների սահմանափակումն է օրենքներով, իրավական ակտերով։ Այսինքն՝ պետական հիմնական գործառույթները պետք է կազմակերպվեն՝ դրանք ծառայեցնելով քաղաքացիներին։
Անդրադառնալով վերջին 1.5 տարվա հայաստանյան իրադարձություններին՝ բանախոսն ընդգծեց ուղիղ մեկ տարի առաջ գործադիր մարմնի ղեկավարի կոչի հիման վրա Ազգային ժողովի շրջափակման փաստը, ինչը իրավական պետությանը հասցված մեծագույն հարված էր։ Նա առանձնացրեց դատական իշխանության նկատմամբ ճնշումները։ Նոր իշխանության հայտարարած գերնպատակն էր իրավական պետության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։ Սակայն մենք ականատես եղանք այս բարձրագույն արժեքների հիմքերի խարխլման։
Այս համատեքստում է նաեւ գործադիր իշխանության ղեկավարի կոչով դատարանների շրջափակման փաստը, ինչի հետեւանքով մի շարք դատավորներ, փաստաբաններ, քաղաքացիներ զրկվեցին իրենց գործառույթներն ու իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Եվ այս ամենի շարունակությունը, ըստ բանախոսի, Սահմանադրական դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշումներն են՝ այն իշխանությունների կողմից կառավարելի դարձնելու նկատառումով։
Տիկին Մելոյանը նկատում է նաեւ, որ վերջին օրերին արդեն ակնհայտ ճնշումներ են գրանցվում քաղհասարակության նկատմամբ. արդարադատության խոչընդոտման որակավորմամբ ձերբակալվեցին երիտասարդներ։ Եվ այս ամենի համատեքստում մենք կանգնել ենք ներքին իրավական անվտանգության պահպանման խնդրի առջեւ։
«Մեր խնդիրը քաղհասարակության իրավագիտակցության աստիճանի բարձրացումն է։ Պետք է հասարակությանը իրազեկել, տեղյակ պահել, քաղհասարակությունը նույնպես իրավական պետության կարեւոր տարրերից է։ Երբ պետությունը սպառում է ներքին ռեսուրսներն ու խախտում է իրավական պետության հիմքում ընկած սկզբունքները, քաղհասարակությունը պետք է զսպող ուժ հանդիսանա գործող քաղաքական ուժի համար։ Իշխանության կողմից նման ակնհայտ խախտումները իրենց արձագանքը կստանան նաեւ միջազգային ատյաններում»,- ասում է Գոհար Մելոյանը։
Սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը, անդրադարձ կատարելով անկախ Հայաստանի պատմության ընթացքում ընդունված սահմանադրություններին, ընդգծեց, որ դրանք բոլորը պերսոնիֆիկացված են եղել, հիմնականում կառուցված անձի շուրջ։ 2018-ի ապրիլյան իրադարձությունները բանախոսը անվանեց իշխանափոխություն կամ մարդափոխություն, քանի որ դասական առումով Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել։
«Սահմանադրությունը սոցիալական պայմանագիր է, եւ եթե տեղի է ունեցել հեղափոխություն, կա՛մ սոցիական պայմանագիրը լավը չէ եւ ձեւական բնույթ է կրում, կա՛մ այն պարտադրված է կարծր ավտորիտար ռեժիմի կողմից։ Այս պարագայում առաջին հերթին պետք է տեղի ունենար հենց այդ պայմանագրի փոփոխություն։ Մենք տեսնում ենք բազմաթիվ ոլորտներում փոփոխություններ, սակայն սահմանադրական փոփոխությունների ականատես չենք լինում։
Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ ըստ նոր իշխանության՝ սոցիալական պայմանագիրը լավն է, փոփոխելու կարիք չկա, պարտադրված չէր ավտորիտար ռեժիմի կողմից, եւ գործող սահմանադրությամբ կարելի է շարունակել։ Եթե այդպես է, ինչու՞ տեղի ունեցան 2018-ի ապրիլյան դեպքերը»,- հարցադրում է Ալեքսանդր Հարությունյանը։
Բանախոսները ռիսկային համարեցին իշխող քաղաքական ուժի կողմից խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալը, քանի որ այն իր օրակարգը կարող է ձեւավորել եւ հաստատել առանց ընդդիմության հետ երկխոսություն ծավալելու։
Ըստ ներկաների օրենսդիր իշխանությունը ենթարկվում է գործադիր իշխանությանը, այսինքն՝ իշխանությունների միաձուլում է տեղի ունեցել, ինչը հատուկ է տոտալիտար հասարակարգերին։ Ալեքսանդր Հարությունյանը նշեց, որ այժմ մենք կանգնած ենք ընտրովի արդարության շեմին։ Այն երիտասարդները, որոնք կալանավորեցին դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն պատասխանատվությունը պետք է լինի համաչափ եւ բոլորի համար։ Այն անձը, որը հրում, վիրավորում է Ալվինա Գյուլումյանին, խոչընդոտում նրա տեղաշարժը, նույնպես պետք է ենթարկվի պատասխանատվության, այլապես մենք կկարոցնենք համաչափության սկզբունքը։ Իսկ եթե համաչափություն եւ օրենքի առջեւ հավասարության չկա, մենք չենք կարող խոսել իրավական պետության մասին։
Ի՞նչ պետք է արվի ներկա իրավիճակում։ Քննարկման մասնակիցներն ընդգծեցին քաղաքացիական հասարակության զարգացման, կրթման, տեղեկացման խնդիրը, քանի որ իրազեկ եւ իր իրավունքներն իմացող քաղհասարակությունը կարող է դառնալ իշխանությանը զսպող ուժը։
Armenia First նախաձեռնող խումբ