Թրամփը Փենսին է օգտագործել Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար. The Washington Post
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին քանիցս օգտագործել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ հենց Թրամփն է փոխնախագահին ցուցում տվել այս տարվա մայիսին չմասնակցել Զելենսկու պաշտոնակալման արարողությանը, թեեւ Սպիտակ տան աշխատակիցները հակառակն էին պնդում:
Բացի այդ, հենց Փենսի միջոցով է ԱՄՆ-ի նախագահն անցած ամռանը Զելենսկուն հայտնել, որ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը կասեցված է, եւ պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում, նշում է թերթը: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ:
Այդ մասին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզական ծառաձյություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել է իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով, գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում: Նաեւ ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ ԱՄՆ-ի նախագահը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիեւին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել է այդ խոսակցության սղագրությունը:
Դրանից հետեւում է, որ Թրամփն, իրոք, խնդրել է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: