«Պայթող» թեմաներ ԵՊՀ-ում. Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, եւ որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլեւ Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։ «Դժգոհ ենք նախագծից. նախ` շատ սեղմ ժամկետ են տվել ծանոթանալու` մոտ մեկ շաբաթ։

Իմ առաջին հարցը լինելու է հետեւյալը․ մենք ո՞ւմ հետ ենք խոսում, ո՞վ է մեր զրուցակիցը, ո՞վ է նախագծի պատասխանատուն»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորներից մեկը: Թե կոնկրետ ով է գրել օրենքը, ոչ ոք չգիտի:

«Հաջորդ անթույլատրելի դրույթը. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32-ից դառնում է 12 անդամ, որոնցից 6-ին նշանակում է նախարարը։ Առաջ այլ կերպ էր. նշանակում էր կառավարությունը` տարբեր տեղերից` պատգամավոր, պրոֆեսոր, գիտաշխատող։ Այսինքն՝ համալսարանի մասնակցությունը խիստ կրճատվում է։

Առաջ 25 տոկոսն ուսանողներն էին, 25-ը` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, 25-ը նախարարությունն էր նշանակում։ Հիմա 50/50 համամասնությամբ է լինելու․ 50-ը՝ նախարարը, մյուս 50-ից 2 հոգի՝ ուսանող, 2 հոգի՝ պրոֆեսորադասախոսական կազմից, մյուս 2-ն էլ՝ գործատուներից: Նախագիծը հստակ չէ, խնդիր է, թե ովքեր են քվեարկելու եւ ինչպես:

Իսկ որ ամենակարեւորն է` նախագծով դեկանները դառնում են նշանակովի` ռեկտորի կողմից․ մինչ այս ընտրովի էր։ Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում, դեկանը, որ մինչ այդ հաշվետու էր ֆակուլտետին, հիմա պետք է ռեկտորին «հաշիվ տա»։ Դրան գումարեք քաղաքական նպատակահարմարության հարցը․ կարող են ում ուզեն, հանեն, իրենց մարդկանց նշանակեն։ Մյուս «պայթող» թեման էլ կարող է լինել 65 տարեկանի շեմի հաստատումը․ լրացավ՝ հանում են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս