Ստո՞ւմ է արդյոք դատախազի խորհրդականը

Երբ թեժացան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին և Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հունիսի 5-ին պատահած միջադեպերի նմանության, սակայն տարբեր գնահատականների ու զարգացումների արժանացած  լինելու վերաբերյալ քննարկումները, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ մի ծավալուն պարզաբանմամբ՝ նախապես ըստ էության հայտարարելով, որ դա անում է շահարկումներից խուսափելու համար:

Այդ պարզաբանման մեջ նա մասնավորապես գրել էր. «Ալվինա Գյուլումյանը իր տված բացատրության մեջ նշել է, որ, թեև ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ իր անձի հասցեին»:

Այսօր, սակայն, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում հերքել է դատախազի խորհրդականի պնդումները:

«Սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված՝ գլխավոր դատախազության հայտարարության կապակցությամբ, հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին և 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի և հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների  առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի  հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի  քննիչը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է և որոշել անհայտ անձի նկատմամբ քրեական օրենսգրքի  137-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել: Նշված որոշման հիմնավորումներին չեմ անդրադառնում, քանզի դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն առայժմ չի անցել:

Այնուհանդերձ, հայտնում եմ, որ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած սպառնալիքները և վիրավորանքները կոնկրետ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել»,- նշված է Ալվինա Գյուլումյանի՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հայտարարության մեջ:

168.amդատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին խնդրեց մեկնաբանել Ալվինա Գյուլումյանի հայտարարությունը, ցանկացանք խոսել վերջինիս հետ, սակայն վերջինս, տեսնելով՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ կերպ չարձագանքեց:

Փորձեցինք դատախազության պաշտոնական դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ ստանալ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Վերջինս ասաց, որ թեմայի շուրջ կտրվի պարզաբանում: Ժամկետների հարցում, թերևս, հստակություն չկար:

168.am-ն անպայման կհրապարակի դատախազության հերթական պարզաբանումը, սակայն այնքան էլ հասկանալի չէ, թե ժամեր շարունակ ինչի շուրջ է մտածում դատախազի խորհրդականը, քանի որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը հստակ ասել է, որ նշված թեմայով բացատրություն չի տվել, և հիմա Գոռ Աբրահամյանն ընդամենը պետք է ասեր, թե ինչո՞ւ է ինքը, մեղմ ասած, ապատեղեկատվություն տարածել ու ում հրահանգով:

Գոհար Սավզյան

Հ.Գ. Նյութն արդեն հրապարակվել էր, երբ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ներկայացրեց պարզաբանումը խնդրո առարկայի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք դատախազի խորհրդականի պարզաբանումը.

«ՀՀ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի կողմից այսօր տարածված հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ի պատասխան «tert.am»-ի հարցման ՀՀ գլխավոր դատախազության կողմից երեկ տրված պարզաբանման մեջ հղում է կատարվել սույն թվականի հունիսի 17-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի կողից քաղաքացի Կ․ Գրիգորյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով կայացված՝ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը։ Իսկ պարզաբանման մեջ նշված մեջբերումը արված է նյութերի նախապատրաստման ընթացքում նրա կողմից տրված բացատրությունից։
Այսինքն տիկին Գյուլումյանի կողմից վկայակոչված որոշումը կարճվել է այլ առիթով և փաստի առթիվ իրականացված վարույթի արդյունքում»:

Տեսանյութեր

Լրահոս