
Չավուշօղլու. «Ես Մակրոնի ասածները նմանեցնում եմ աղաղակող աքաղաղի հետ, որի ոտքերը թաղված են կեղտի մեջ»

Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։ Ըստ նրա՝ Թուրքիան փախստականների գործոնը շահարկում է և փորձում Եվրոպայի վրա ճնշում գործադրել։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այդ ամենին ի պատասխան՝ Չավուշօղլուն ասել է. «Ըստ իս՝ Ֆրանսիան վերջին երկիրն է, ով կարող է քննադատել Թուրքիային»: Նա հիշեցրել է Ֆրանսիայում մեծ աղմուկ հանած Մակրոնի նախկին խորհրդական Ալեքսանդր Բենալայի սկանդալային գործը, ինչպես նաև պաշտոնական Փարիզի կողմից Պարսից ծոցի երկրներին զենքի վաճառքը:
«Թուրքիան, լինելով Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի հիմնադիր անդամ, շարունակում է լավ հարաբերություններ ունենալ այդ կառույցի հետ և այդ հարաբերություններն ավելի զարգացնելու համար ջանքեր է գործադրում։ Ֆրանսիայի խոչընդոտման հետևանքով լրագրողները ներկա չգտնվեցին Եվրախորհրդի 70-րդ տարեդարձին։ Բա ո՞րտեղ է մամուլի ազատությունը։ Մյուս կողմից էլ գիտենք, որ Մակրոնը փակեց Ելիսեյան պալատի մամուլի բաժինը։ Դրա փոխարեն նա նախընտրեց հյուրընկալել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ահաբեկիչներին»։
Չավուշօղլուն , շարունակելով քննադատել Մակրոնին, եզրափակել է. «Ես այսօրվա Մակրոնի ասածները նմանեցնում եմ աղաղակող աքաղաղի հետ, որի ոտքերը թաղված են կեղտի մեջ»։