Ռոհանին պարզաբանել է, թե ինչու չի համաձայնել բանակցել Թրամփի հետ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, հայտարցարել է, որ չի համաձայնել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, քանզի չի հավատացել, որ այդ հանդիպումը Թեհրանի շահերից է բխում:
«Եթե ես վստահ լինեի, որ այդ բանակցությունները համապատասխանում են Իրանի ժողովրդի շահերին, ապա ես, անտարակույս, կհամաձանեի»,- Ռոհանիի խոսքը մեջբերել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Նա հավելել է, որ «ԱՄՆ-ի նախագահը ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթի ընթացքում երկու անգամ հայտարարեց, որ ցանկանում է խստացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»: «Ես ասացի մեր եվրոպացի ընկերներին՝ ինչպե՞ս մենք կարող ենք դա ընդունել: Մենք պետք է հավատանք ձեզ, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության կամ ԱՄՆ-ի նախագահին, որը 24 ժամվա ընթացքում երկու անգամ հանդես եկավ Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու օգտին»,- նշել է Ռոհանին:
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձեւաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները: «Մենք քանիցս մերժել ենք (ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների միջեւ) բանակցությունները: Եթե բանակցությունները կայանան, ապա կլինեն «5+1» ձեւաչափով»,-ասել է Ռոհանին: «Մենք բացեիբաց ասում էինք, որ պատրաստ ենք բանակցություններ վարել, բայց ոչ պատժամիջոցների ու ճնշումների պայմաններում: Ինձ հարցնում էին՝ երբ եք դուք պատրաստ դա անել, ես պատասխանում էի՝ թեկուզ մեկ ժամից պատրաստ կլինեմ մասնակցել «5+1» խմբի նիստին, բայց սկզբում դուք ճիշտ մթնոլորտ ստեղծեք»,- հավելել է Իրանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: