«Էդ հորդորողը ես եմ եղել, խնդրում եմ տեղեկացրեք մանրամասներին». Արարատ Միրզոյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորներին պարզաբանեց, թե ինչու է իր ղեկավարած նախարարությունը դեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը» մասնավերացման ցանկից հանելու նախաձեռնությանը։
«Նախ, եթե ասվում է մասնավորեցում, դա նշանակում է կենտրոնի վերադարձ Առողջապահության նախարարության ուղիղ ենթակայություն, այսինքն՝ ես պետք է լինեմ այդ կենտրոնի տնօրեն նշանակողն ու հաստիքացուցակը հաստատողը, հետևաբար այդ պարագայում առնվազն տարօրինակ է, որ գոնե իմ կարծիքը հաշվի չի առնվում»,- ասաց Թորոսյանը:
Նախարարն անդարդարձավ նաև ԱԺ նախագահի կոշտ դիտարկմանը, որով Արարատ Միրզոյանն իր տեղակալին խորհուրդ էր տվել ԱԺ-ին աշխատելու ձևը ցույց չտալ։
«Մենք կոչ ենք անում նման նախագծերի պարագայում առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակով մեզ հետ համագործակցել, չնայած դրան ի պատասխան ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնենք ԱԺ-ին ինչպես աշխատել»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ ի տարբերություն «Այրվածքաբանության և Ուռուցքաբանության ինստիտուտների»՝ «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը» ռազմավարական նշանակություն չունի, ինքը պնդում է, որ ճիշտ կլինի այդ կենտրոնը մասնավորեցնել, բայց եթե ԱԺ-ն հարկ համարի, որ այդ կենտրոնը կառավարի ինքը, ապա դա նա կանի բարձր մակարդակով։
Արարատ Միրզոյանը շտապեց պատասխանել Արսեն Թորոսյանին և հիշեցրեց, որ նրա տեղակալին հորդոր հղողը եղել է ինքը։
«Ի գիտություն Ձեզ, պարո՛ն Թորոսյան, էդ որ ասում եք հորդորել են, էդ հորդորողը ես եմ եղել, և դա եղել է ԱԺ-ին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանների համար. Խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- ասաց ԱԺ նախագահը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ