«Պուտինը Բելլա Քոչարյանի հետ հանդիպելով՝ գտավ Փաշինյանին լայթ թրոլինգի ենթարկելու եղանակը». Դուբնով

«Չեմ կարծում, թե կլինեն քաղաքական հետևանքներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպման փաստը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է հայաստանյան մամուլի, մասնավորապես՝ 168.am-ի կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Հայաստանից մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին: Մենք նախօրեին գրել էինք, որ ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են ՌԴ դեսպանատանն ու երկար զրույց ունեցել: «Բնականաբար, հասկանալի է, որ խոսակցության հիմնական թեման եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանությունների կողմից ծավալվող գործողությունները նրա նկատմամբ, սակայն այլ մանրամասներ մեր աղբյուրներին հայտնի չեն դարձել»,- գրել էր 168.am-ը:

Վադիմ Դուբնովի խոսքով՝ պետք չէ Մոսկվայի յուրաքանչյուր քայլում նոր ուղերձներ և մտքեր փնտրել, քանի որ այս հանդիպումը ՌԴ նախագահի ունեցած որոշակի քաղաքական գծի շարունակությունն է, իսկ ուղերձի ներքո մենք նկատի ենք ունենում տեղեկատվություն, որը նոր է, զարմանալի է, այնինչ՝ սա ինչ-որ կարևոր նոր բանի մասին ազդանշան չէ:

«Չեմ կարծում, որ այդ հանդիպումը շատ կարևոր է, շատ անսպասելի էր, և դա նոր ազդանշան էր: Սա շարունակությունն էր այն ամենի, ինչի մասին Հայաստանը հիանալիորեն գիտեր, հիանալիորեն տեղեկացված էր: Սա ներկայիս Երևանի հետ Մոսկվայի ներկայիս հարաբերությունների տեսակն է և Մոսկվայի հարաբերությունների այն տեսակը, որը պայմանավորված է Երևանի ներկայիս պատկերացումներով ու մոտեցումներով: Սա թեթև թրոլինգ է, որում որևէ նոր բան չկա, և Մոսկվան գտավ լայթ թրոլինգի եղանակը: Պուտինն անձամբ Քոչարյանին չհանդիպեց, այլ տարբերակ գտավ, որի շրջանակում պահպանվում են դիվանագիտական կանոնները և այդ թրոլինգը ևս, որի մասին խոսում եմ»,- ասաց Դուբնովը:

Ռուս վերլուծաբանն ասաց, որ Մոսկվային այդքան էլ չի հետաքրքրում, թե սա ինչպես կընկալի Փաշինյանը: Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է նախկինի նման իրեն զգալ հարաբերությունների այն մասնակիցը, որն իրեն Երևանում կարող է թույլ տալ ավելին, քան կարող է թույլ տալ գուցե հետսովետական տարածքի մեկ այլ մայրաքաղաքում:

«Նմանությամբ կարող էր ռուսական կողմն իրեն պահել Կիևում, իսկ հիմա չի կարող: Մինսկում՝ ևս: Ուստի Մոսկվայի համար կարևոր է պահպանել տարածք, որտեղ նա կարող է դեմոնստրատիվ կերպով նման վարվելակերպ ունենալ, որ այստեղ դեռ կարելի է, որ Հայաստանի հետ հարաբերություններն այնպիսին են, որ Երևանը պետք է տանի ինչ-որ բաներ: Մոսկվայի համար շատ կարևոր է սա՝ անկախ նրանից, թե ինչպես են դրան վերաբերվում Հայաստանի բնակիչները և անձնապես պարոն Փաշինյանը»,- նկատեց Վադիմ Դուբնովը:

Նա չի կարծում, թե Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ հետ կունենա էական քաղաքական հետևանքներ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս