Փաշինյանը՝ իր և Պուտինի հետ հանդիպման տևողության ու հայտնի սելֆիի մասին
Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը. հերթագրվել է 47 պատգամավոր։ Արարատ Միրզոյանը նախքան նիստը վարելը հայտարարեց, որ մի փոքր փոփոխություններ են կատարել և այսուհետ պատգամավորները հարցեր կտան տեղից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կառավարության ղեկավարից հետարքրքվեց՝ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Փաշինյանն ինչ ձեռբերումներ կառանձնացնի։
Պատգամավորը վարչապետին խնդրեց նաև ներկայացնել միկրոավտոբուսի մեջ արված հայտնի սելֆիի պատմությունը։
Փաշինյանը նշեց, որ 2019 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ն ստանձնել էր ԵՏՄ նախագահությունն ու երեկ կայացած գագաթնաժողովն այդ նախագահության գագաթնակետն էր.
«Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵՏՄ-ի շրջանակում նման միջոցառում տեղի չէր ունեցել և այն այսպիսի մասշտաբներով կազմակերպելը գալիս է ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որ ԵՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց»,- ասաց Փաշինյանը։
Անդարդառնալով հայտնի սելֆիին՝ Փաշինյանը նշեց, որ դա ընդունված պրակտիկա է. երբ ղեկավարները մասնակցում են նույն միջոցառմանը, տեղաշարժվում են նույն տրանսպորտով։
Պատգամավորի հարցին՝ իսկ Լուկաշենկոն որտե՞ղ էր, Փաշինյանը պատասխանեց, որ Բելառուսի նախագահի ընտանիքում դժբախտություն էր պատահել և նա ավելի վաղ է մեկնել Հայաստանից՝ սգո արարողություններին մասնակցելու համար։
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ խոսեց իր ու ՌԴ նախագահի հանդիպման մասին՝ շեշտելով, որ այն տևել է երեք ժամ և երկուստեք դրանից գոհ են։
«ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում եմ ունեցել, մոտավորապես երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը։ Կարծում եմ՝ երկուստեք այդ հանդիպումներից գոհ և գոհունակ ենք, մնում է մեր պայմանավորվածությունները կառավարությունները և քաղաքական թիմերը իրականություն դարձնեն»,- ասաց Փաշինյանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ