
Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները:
Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանի Դաշնությունում»:
Նշելով, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկրներ են, նախագահն ասել է. «Դուք Հայաստանի Հանրապետության ամենալավ դեսպաններն եք Ռուսաստանում՝ լինելով այդ երկրի քաղաքացիներ, քանի որ ներկայացնում եք մի ամբողջ ժողովուրդ և պետություն: Հայաստանի նախագահի աշխատակազմը պատրաստ է աջակցել ցանկացած դրական և լավ նախաձեռնության, որ պատրաստ կլինեք սկսել՝ մշակույթի, գիտության կամ բիզնեսի ոլորտում»:
Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է նախագահական հատուկ նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, Մատենադարանը հին ձեռագրերի ուսումնասիրման և պահպանման միջազգային կենտրոն դարձնելու և «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունները, ինչպես նաև խոսել Գյումրու վերականգնմանն աջակցելու իր ծրագրերի մասին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հանդիպման համար և ներկայացրել Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները:
Այնուհետև նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: