Դավիթ Սանասարյանը մեկնաբանեց, թե ի՞նչ էր ԱԱԾ-ն փնտրում իր կնոջ աշխատավայրում և երեխաների դպրոցում

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին նյարդայնացրել է այն, որ ԱԱԾ-ն այցելել է իր կնոջ աշխատավայր ու երեխաների դպրոց:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր ԱԱԾ-ն այնտեղ փնտրում, ինչին ի պատասխան՝ նա նշեց. «Իմ համար աբսուրդ էր, ճիշտն ասած՝ նյարդայնացնող էր, որ փորձում էին նախ կնոջս աշխատավայր գնալ ու անձնական գործեր ուզել:

Գնացել էին ոչ միայն տղաներիս դպրոց, այլև մեծ տղայիս նախկին դպրոց:

Չեմ հասկանում՝ էս մարդիկ ի՞նչ էին ուզում գտնել, դարի կոռուպցիոների՞ն էին ման գալիս, ի՞նչ էին անում: Հարց ունեի՞ք, ինձ հետ պարզեիք:

Բացի այդ՝ փորձել են ճշտել, թե ինչ վճարում եմ արել, ինչ եմ արել, ով է վճարել, երբվանից է երեխան դպրոց գնում»:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ ԱԱԾ-ն ստուգել է բամբասանքները. «Նյութ եք ուզում, բայց բամբասանքներ են դրանք:

Միակ ցավալին այն է, որ մեր երկրի ԱԱԾ-ն կարողացել է թույլ տալ իրեն նման ռեսուրս ծախսել բամբասանքները ստուգելու վրա»:

«Իրենք ստուգել են ամեն ինչ: Իրենց հետաքրքրել է՝ ուսման վարձը որ օրն է վճարել անգամ»,- հավելեց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս