Բաժիններ՝

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի նիստը լրագրողներից գաղտնի՞  կանեն

Սեպտեմբեր ամսին նախատեսված էր «Զինծառայողների ապահովագրության»  hիմնադրամի նիստը, որը հետաձգվել է:

Մեր տեղեկություններով՝ այն նշանակված է հոկտեմբերի 9-ին, և հնարավոր է՝ անցկացվի դռնփակ, քանի որ չի բացառվում, որ  այն անցնի թեժ մթնոլորտում՝ կապված եռամսյա հաշվետվության մեջ առկա թվերի՝ իրականությանը չհամապատասխանելու, ինչպես նաև կառուցվածքային հնարավոր փոփոխությունների հետ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը «168 Ժամի» հետ զրույցում հաստատեց՝ նիստը կլինի եկող շաբաթ:

«Ինչ վերաբերում է նիստի փակ լինելուն՝ ես չգիտեմ: Երևի Գևորգ Ալթունյանին հարցնեք, որովհետև լրագրողների հետ աշխատանքը  կոորդինացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, և քանի որ ՊՆ-ի գլխավոր մասնաշենքում  է տեղի ունենում նիստը, ուստի չգիտեմ՝ բա՞ց է, թե՞ փակ: Իսկ նիստում քննարկվելիք հիմնական հարցը տնօրենի հաշվետվությունն է, ես հրապարակում եմ եռամսյակային հաշվետվություն, որն անմիջապես կտեղադրվի հիմնադրամի կայքում»,- նշեց նա:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը ևս մեզ հետ զրույցում հայտնեց, որ նիստը տեղի կունենա մյուս շաբաթվա ընթացքում: Ինչ վերաբերում է փակ լինելուն՝ նշեց. «Մենք հիմա զորավարժությունների մեջ ենք, որքան գիտեմ՝ առաջիկա շաբաթ է լինելու: Բայց լրագրողների համար բաց կամ փակ լինելու մասով այս պահին բան չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «168 Ժամի» հետ զրույցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը նշել էր, որ վարչապետի բերած  602.000 աշխատողի մասին թիվը չի համապատասխանում իրականությանը:

«Մեր ամբողջ հաշվարկը 500.000 աշխատողի շուրջ էր պտտվում։ Այսօր, երբ վարչապետի շուրթերից հնչում է՝ 602.000 աշխատող, ես կասկածի տակ չեմ ուզում դնել վարչապետի խոսքը, բայց պահանջում եմ, որ պատկան մարմինները վարչապետի խոսքերի իրականությունն ապացուցեն: Երեկ մեր հիմնադրամի գործադիր տնօրենը փաստեց` վարչապետի հայտարարած թվերը և իրականությունն իրար չեն համապատասխանում: Այդ թվերը տալիս են Պետեկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը։ Հիմա ասում եմ` տղերք, ո՞ւր է վարչապետի ասած 100.000 աշխատողի տարբերությունը, եթե այս թվով մուտքեր լինեն, դա 100 միլիոն դրամ է անում, իսկ տարվա կտրվածքով` ավելի քան 1 միլիարդ, ուստի այս պարագայում 10 միլիոնը 120 ընտանիքի կկարողանա ապահովել»,- ասել էր նա՝ հայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերն իրականության հետ որևէ աղերս չունեն:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս