Ջոնսոնը Եվրամիությանը «հիմնավոր» առաջարկություն է ներկայացնելու Brexit-ի վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ հոկտեմբերի 2-ին Եվրամիությանը «կառուցողական եւ հիմնավոր» առաջարկություն է ներկայացնելու Brexit-ի վերաբերյալ, սակայն ոչ մի մանրամասն չի հայտնել։
«Այսօր մենք ներկայացնում ենք կառուցողական եւ հիմնավոր առաջարկություն, որը փոխզիջում կդառնա երկու կողմերի համար: Մենք ոչ մի դեպքում ստուգումներ թույլ չենք տա Հյուսիսային Իռլանդիայի սահմանին կամ դրա մերձակայքում, մենք հարգելու ենք խաղաղ գործընթացը եւ Չարչարանաց ուրբաթի համաձայնագիրը»,-ասել է Ջոնսոնը՝ մեծ ճառով հանդես գալով Պահպանողական կուսակցության համագումարի եզրափակիչ մասում:
«Բրիտանիան փոխզիջման է գնում, եւ ես հուսով եմ, որ մեր բարեկամները դա կհասկանան եւ իրենց կողմից նույնպես փոխզիջման կգնան»,-նշել է վարչապետը: Ջոնսոնն այսօր պլանավորված հեռախոսազրույց ունի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: