«Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի». Արարատ Միրզոյանի հորդորը՝ փոխնախարարին

Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այսօր խորհրդարանում վստահեցրեց, որ անկախ բոլոր բժշկական կենտրոնների մասնավոր կամ պետական լինելու հանգամանքից՝ այն մարդիկ, ովքեր ունեն անվճար բուժօգնության  կարիք, դա կստանան։

Անդրադառնալով «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտոնի» հողատարածքի գնի վերաբերյալ պատգամավորների դիտարկումներին, փոխնախարարն ասաց, որ այդ հարցերը պատգամավորները պետք է ուղղեին Պետգույքի կառավարման  կոմիտեին։

«Այդ գույքը ներկայումս պետական գույքի կառավարման ներքո է գտնվում: Դրա համար էլ համարում ենք, որ մինչև այս նախագիծը շրջանառելը՝ պետք էր Պետական գույքի կոմիտեի հետ շփվել ու հասկանալ՝ արդյոք հողի գնի և մրցույթների պայմանների մասով բոլոր գնահատականները բավարարո՞ւմ են մտահոգություն արտահայտած մեր գործընկերներին»,- ասաց փոխնախարարը:

Նրա այս պատասխանը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. Նա կոչ արեց ԱԺ-ին աշխատելու ձևը ցույց չտալ։

«Հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել: Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս