
Պատգամավորն Առողջապահության նախարարությանը կոչ է անում օրենք կարդալ ու հիվանդանոցների սեփականաշնորհման հարցով էլ ԱԺ չգալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն Առողջապահության նախարարությանը խորհուրդ է տալիս բացել և կարդալ այս տարվա հուլիս ամսին Կառավարության առաջարկությամբ պետության և մասնավորի համագործակցության մասին իրենց ընդունած օրենքը, որը լայն հնարավորություն է ստեղծում բուժհիմնարկները ղեկավարելու համար։
Բաղդասարյանը հիշեցրեց, որ այդ փորձը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։
«Հիմա դուք եկել, ինչ եք առաջարկում. ասում եք՝ սեփականաշնորհենք, իսկ ինչ էինք ունենալու դրա արդյունքում. դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ 2-3 տարի հետո այդտեղ էլիտար շենքեր չեն կառուցվելու։ Դրա համար, ավելի լավ է, էդ օրենքը բացեք նայեք և ուսումնասիրեք, թե ամբողջ աշխարհում հիվանդանոցների կառավարումն ինչպես են անում»,- խորհուրդ տվեց պատգամավորը՝ կոչ անելով այլևս հիվանդանոցների սեփականաշնորհման համար Ազգային ժողով չգալ։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը դեմ է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը»։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ