Առողջապահության նախարարությունը դեմ է «իմքայլական» պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանն ու կոչ է անում դեմ քվեարկել
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռությանը, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը»։
Ըստ Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի՝ պատգամավորի այս նախաձեռնության հետևանքները վերջնական չեն քննարկվել, և տնտեսական հանձնաժողովում դրա կողմ քվեարկությունը զարմանալի է, քանի որ չի եղել դրա վերաբերյալ որևէ տնտեսական վերլուծություն։
«Երբ Առողջապահության նախարարության ներկայացրած Այրվածքաբանության և Ուռուցքաբանության կենտրոնները մասնավորեցման ցանկից հանելու մասին նախագծերը քննարկվում էին նույն Նարեկ Զեյնալյանի հանձնաժողովում, այդ ժամանակ չի դիտարկվել այս կենտրոնը ևս մասնավորեցման ցանկից դուրս բերելու հարցը»,- ասաց փոխնախարարը։
Վերջինիս խոսքով՝ Առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում, որ այս կենտրոնը գործի՝ որպես բազմապրոֆիլ և բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն, և դրա գործունեության ապահովման համար պարտադիր պայման է ֆինանսական ներդրումը, որը չի կարող ապահովել Առողջապահության նախարարությունը։
«Ավելին, ներկայումս ԲԿ-ի շենքային պայմանները խիստ անբարենպաստ վիճակում են, և նման պայմաններում բուժօգնության տրամադրումը բնակչության շրջանում բացասական անդրադարձ է առաջացնում։ Մենք համարում ենք, որ մասնագիտական զարգացումն ապահովելու համար պետք չէ մասնավորեցման ցանկից այդ ընկերությունը դուրս բերել»,- ասաց Հարությունյանը՝ կոչ անելով պատգամավորներին դեմ քվեարկել դեռևս թերի և ոչ լիարժեք այդ նախագծին։
Հիշեցնենք, սակայն, որ նույն Առողջապահության նախարարությունը որոշ ժամանակ առաջ մասնավորեցման ցանկից հանեց Այրվածքաբանության և Ուռուցքաբանության կենտրոնները։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ