
Իրանը կշարունակի միջուկային պարտավորությունների կրճատումը. Խամենեի

Թեհրանը կշարունակի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումն այնքան ժամանակ, խանի դեռ չի հասնել «հարկավոր արդյունքին»: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին։
«Մենք կշարունակենք կրճատել միջուկային գործարքով պարտավորությունների (կատարումը), մենք պետք է (այդ գործընթացը) շարունակենք ամենայն լրջությամբ… մինչեւ որ հասնենք «հարկավոր արդյունքին»,-ասել է Խամենեին, որի խոսքը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:
Իրանի գերագույն ղեկավարը Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատարության հետ հանդիպմանը նաեւ նշել է ԱՄՆ-ի քաղաքականության ձախողվելը Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու հարցում: ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները վատթարացել են վերջին տարում, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ գործարքից:
Դրան ի պատասխան Իրանը նույնպես դադարեցրեց պայմանագրի մի շարք դրույթների կատարումը: Բացի այդ, ԱՄՆ-ը վերստին պատժամիջոցներ սահմանեց Իրանի իշխանությունների եւ ընկերությունների նկատմամբ: Գործարքի եվրոպացի մասնակիցները հայտարարել են համաձայնությունը պահպանելու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: