«Մտավախություն կա, որ Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը դեպքին փորձում են թաքցնել». Նարեկ Մանթաշյան
«Պահանջում ենք արդար քննություն», «Սպային հարվածողը հարվածում է ազգին», «Ձեռքերդ հեռու հայոց սպայից»: Այսպիսի վերտառությամբ պաստառներով այսօր «Այլընտրանք» հ/կ անդամները բողոքի ակցիա էին անցկացնում Քննչական կոմիտեի դիմաց:
Նրանք հայտարարեցին, որ տեղեկություն են ունեցել, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունենալու առերեսում դեպքին մասնակցած սպաների և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ:
«Այլընտրանք» հ/կ համանախագահ Նարեկ Մանթաշյանը պնդում է՝ մտավախություն կա, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը փորձում են թաքցնել:
«Մեր պահանջը մեկն է՝ արդար դատաքննություն: Վստահելով այսօրվա քննությանը՝ չենք ուզում հավատալ, որ փորձելու են կոծկել մարզպետի մասնակցությունը դեպքին: Եթե պարոն մարզպետն անմեղ լիներ, չէր հրաժարվի իր պաշտոնից, բայց եթե միայն դա պիտի լինի այն գինը, որը Տրդատ Սարգսյանը կվճարի սպային ծեծելու համար, մենք դա թույլ չենք տա: Յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ պետք է պատասխանատվություն կրի»:
Քիչ անց ակցիայի մասնակիցներին հրավիրեցին ՔԿ՝ քննարկելու իրենց պահանջները: Նրանց ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
«Արդար քննությունը մեր պարտականությունն է: Դեպքից քաջատեղյակ եմ, գործի քննությունը հենց մեզ է հանձնարարված՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների վարչությանը: Գործը գտնվում է կոմիտեի նախագահի անձնական հսկողության ներքո, բոլոր քայլերի մասին նա տեղյակ է լինում: Գործի քննությունը գլխավոր վարչություն տեղափոխելը մի նպատակ ունի՝ արագ արձագանք, բոլոր մեղավորների պատասխանատվություն: Մի ամբողջ վարչություն է աշխատում այս գործի համար: Եթե ունեք որևէ տեղեկատվություն, որը մենք չունենք, կամ ունենք, ես հիմա չեմ կարողանում բացահայտ ասել այդ մասին, խնդրում եմ՝ հիմա փոքրիկ դիմումի պես ձևակերպել, և անմիջապես դրան կծանոթանանք: Օբյեկտի՞վ է քննվել, թե՞ ոչ գործը, դուք կտեսնեք ապացույցներով»:
Հավաստիացումներ ստանալուց հետո ցուցարարները լքեցին Քննչական կոմիտեի տարածքը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ