«Նպատակահարմար չենք գտնում մասնակցել մի գործընթացի, որի իրավական հեռանկարը մեզ համար կանխատեսելի չէ». Գևորգ Պետրոսյան 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՍԴ-ի վերաբերյալ նախագծի շուրջ ԲՀԿ-ի ընդունած որոշման մեջ քաղաքական երանգավորում չի տեսնում, ինչպես նշել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք քաղաքական ուժ ենք, բայց մենք մեր որոշումներն ընդունում ենք իրավունքի նորմերի շրջանակներում: Մեր փորձագետների և իրավաբան պատգամավորների հետ միասին այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն: Այս առումով մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել մի գործընթացի, որի իրավական հեռանկարը մեզ համար կանխատեսելի չէ: Բացի այդ, ՀՀ գործող սահմանադրության համաձայն՝ այդ որոշումը կայացնում է ՍԴ-ն»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ իրենք ղեկավարվում են ճշմարիտ գաղափարներով, ուստի, եթե Լիլիթ Մակունցը նման կարծիքի է, ապա ինքն է այդ կարծիքի սեփականատերը և անհրաժեշտության դեպքում այն պետք է հիմնավորի:

Նրա դիտարկմամբ, ԲՀԿ-ն շահագրգռված է, որ ցանկացած նախաձեռնություն, անկախ այն հանգամանքից, թե ով է դրա հեղինակը, ունենա իրավական կողմ և իրավական հետևանքներ:

Հարցին՝ այդ դիրքորոշումն արդեն սահմանո՞ւմ է, թե ով է խորհրդարանում ընդդիմությունը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ ընդդիմություն համարվել կամ չհամարվելը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքում և այս կամ այն նախագծին կողմ ու դեմ քվեարկելով չի որոշվում:

«Կառավարությունը կամ իշխանական խմբակցությունը բերում է նախագծեր, և եթե մենք դրանց հետ համաձայն ենք՝ կողմ ենք քվեարկում»,- շեշտեց պատգամավորը:

168.am-ի հարցին՝ եթե նախագիծը չհաջողի, իրենց համար կանխատեսելի՞ են այն սցենարները, թե ինչ կարող է անել «Իմ քայլը», օրինակ՝ մտավախություններ չունե՞ն, որ կշրջափակեն ՍԴ-ն, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ, եթե ուզում են ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում, ապա մտավախություններ չունեն:

«Մտավախություն պետք է ունենան այն մարդիկ, որոնք իրենց ցանկությունները փորձում են փաթաթել ուրիշի վզին, ուզում են ավելի շատ շահարկումների եղանակով հասնեն ինչ-որ արդյունքի, մենք այդպիսի մտավախություններ չունենք: Մենք ասում ենք, որ իրավական առումով նախագիծը մեզ համար համոզիչ չէ»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս