
Մենք լավագույնն էինք աշխարհի առաջնությունում. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աշխարհի՝ արդեն ավարտված առաջնությունում իր գլխավորած թիմը համարում է լավագույնը` գրանցած արդյունքների տեսանկյունից:
«Նախ ես շնորհակալություն եմ հայտնում իրենց անձնական մարզիչներին, մարզադպրոցներին: 103 պետության մեջ մենք լավագույնն էինք: Թեպետ առաջինը չէինք մեդալային հաշվարկում և զիջեցինք Չինաստանին, սակայն բնակչության քանակը հաշվի առնելով՝ մենք լավագույնն էինք»,-լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Անդրադառնալով Վրաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Լաշա Տալախաձեին՝ Ալավերդյանը շեշտեց, որ վրացու ուժերի սահմանն անհնար է տեսնել: «Եթե վերցնենք արդյունքի տեսանկյունից, ապա Գոռի մոտ առաջխաղացում կա, իսկ Լաշան միշտ բարձրացնում է իր բարձր կիլոգրամները»,- ասաց նա:
Թաիլանդում ավարտված աշխարհի առաջնությունում մեր թիմը նվաճեց երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե և թիմային հաշվարկում գրավեց երկրորդ տեղը` զիջելով միայն Չինաստանին, որը նվաճել է 5 ոսկե մեդալ: