Հրապարակվել է «Շտայնմայերի բանաձևի» ամբողջական տեքստը
Ցանցում հայտնվել է Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրով Շփման եռակողմի խմբի (ՇԵԽ) մասնակիցների կողմից հոկտեմբերի 1-ին ստորագրված «Շտայնմայերի բանաձեւի» ամբողջական տեքստը: Փաստաթղթի լուսանկարը Facebook-ի իր էջում հրապարակել է «Ռադիոն ՆՎ» ուկրաինական հրատարակության գլխավոր խմբագիր Վալերի Կալնիշը։
Փաստաթուղթը ձեւակերպված է որպես ՇԵԽ-ում Կիեւի ներկայացուցիչ, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նամակը՝ հասցեագրված ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկին: Դրանում ասված է Ուկրաինայի օրենսդրության մեջ բանաձեւը ներդնելու մտադրության մասին, որի տեքստը բերվում է ստորեւ:
«Շտայնմայերի բանաձեւի» տեքստը որոշում է Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին տարածաշրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ ուկրաինական օրենքի ուժի մեջ մտնելու կարգը: Փաստաթղթի համաձայն, այն պետք է ուժի մեջ մտնի արտահերթ տեղական ընտրություններում քվեարկության օրը, որոնք պետք է անցկացվեն Ուկրաինայի Սահմանադրությանը եւ ուկրաինական օրենսդրությանը համապատասխան:
Հատուկ կարգավիճակի մասին օրենքը կսկսի գործել տեղական ժամանակով ժամը 20:00-ին՝ ընտրական տեղամասերի փակվելուց հետո, բայց միայն ժամանակավորապես: Մշտական հիման վրա այն կսկսի գործել միայն այն բանից հետո, երբ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն կհրապարակի զեկույց, որում կհաստատի, որ ընտրություններն անցել են ուկրաինական օրենսդրությանը եւ ԵԱՀԿ-ի չափորոշիչներին համապատասխան:
Մինչդեռ բանաձեւի տեքստում ոչինչ չի ասվում Ուկրաինայի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների եւ Ռուսաաստանի սահմանի նկատմամբ հսկողության հաստատման կարգի մասին, ինչի մասին ավելի վաղ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ այն դեպքում, եթե Կիեւը չվերահսկի սահմանը, անկարելի կլինի համարել, որ ընտրություններն անցել են Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան: