Ամերիկացիների կեսից ավելին դեմ է Թրամփի՝ դեմոկրատների կողմից ձեռնարկված իմպիչմենթին. հարցում
Ամերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում դեմոկրատների կողմից ձեռնարկված իմպիչմենթի ընթացակարգին, թեեւ նրանց թիվը, ովքեր այդ տարբերակը ցանկալի են համարում, վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է: Այդ մասին վկայում են Մոնմութի համալսարանի հետազոտական ծառայության հարցման՝ հոկտեմբերի 1-ին հրապարակված արդյունքները:
Ինչպես հետեւում է հարցման տվյալներից, դրա մասնակիցների 52 տոկոսն անհրաժեշտ չի համարում Թրամփին ենթարկել իմպիչմենթի այն դեպքում, երբ 44 տոկոսը հանդես է գալիս նրան նախագահի պաշտոնից զրկելու օգտին: Օգոստոսին համանման հարցման ընթացքում իմպիչմենթի օգտին հանդես էր եկել 35 տոկոսը, դեմ էր արտահայտվել 59 տոկոսը:
Հարցմանը մասնակցել է 1161 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմում է 2,9 տոկոս:
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Այդ մասին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզական ծառաձյություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել է իր ղեկավարին:
Կոնգրեսականների պահանջով, գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում:
Նաեւ ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ ԱՄՆ-ի նախագահը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիեւին ռազմական օգնության հատկացումը:
Սպիտակ տունը հրապարակել է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետեւում է, որ Թրամփն, իրոք, խնդրել է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա:
Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: