Սիրիայում փորձարկվել է C-500 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է «Իզվեստիա» հրատարակությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության եւ ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրներ:
Հրատարակության տվյալներով՝ ՀՕՊ-ի թեստավորման ընթացքում մի շարք թերություններ են հայտնաբերվել տեխնիկայի աշխատանքում, սակայն հաջողվել է օպերատիվ կերպով լուծել խնդիրները: Ներկայում փորձարկումներն ավարտված են:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ զորքերին C-500 համակարգերի մատակարարումները կսկսվեն 2020 թվականին: Համալիրն ստեղծվում է առաջիկա 25 տարում շահագործվելու համար: Արեւմտյան մամուլում նշվել է, որ փորձարկումների ընթացքում ռուսական նոր համակարգը կարողացել է թիրախ խոցել 481,2 կիլոմետր հեռավորության վրա, ինչը 80 կիլոմետրով ավելի է, քան ՀՕՊ-ի գոյություն ունեցող ցանկացած համակարգի հեռահարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: