
Էյֆելյան աշտարակը վարդագույնով է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի

Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, վարդագույնով է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի Octobre Rose (Վարդագույն հոկտեմբեր) ակցիայի։ Տրոկադերոյի հրապարակում եւ Մարսյան դաշտում աշտարակի ստորոտի մոտ հավաքվել էին Ֆրանսիայի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ ու հյուրեր:
Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել է Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն, որը հիշեցրել է, որ աշտարակը կրձքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի շարժմանն «աջակցում է» 2014 թվականից: Լուսային շոուն շարունակել է անվճար համերգը, որին մասնակցել են Les Rita Mitsouko ֆրանսիական խումբը եւ բրիտանացի փոփ-ռոք ճանաչված կատարող Դայդոն, որը ներկայում հյուրախաղերով հանդես է գալիս Փարիզում:
Կազմակերպիչների խոսքով՝ նմանօրինակ ակցիաները կարեւոր են ոչ միայն հիվանդության դեմ պայքարում ջանքերի կարեւորության վերաբերյալ հասարակայնությանն իրազեկելու, այլեւ համապատասխան հետազոտությունների անցկացման վրա ներդրողների ուշադրությունը գրավելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: