
Ինդոնեզիայում առաջին անգամ խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին է ընտրվել

Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (Ինդոնեզիայի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել: Ինչպես հոկտեմբերի 2-ին գրում է The Jakarta Post թերթը, նա Փուան Մահարանին է՝ ազգային հերոսի եւ ժամանակակից Ինդոնեզիայի հիմնադիրներից մեկի՝ Սուկառնոյի թոռնուհին։
«Վերջապես, 74 տարի անց երկրի խորհրդարանը կին է գլխավորել: Հուսով եմ, որ դա օրինակ կդառնա հանրապետության բազմաթիվ կանանց համար, որոնք չպետք է վախենան իրենց դրսեւորել տարբեր բնագավառներում»,-ասել է 46-ամյա Փուանը: Նրա 72-ամյա մայրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, երկրում խոշորագույն՝ Ինդոնեզիայի պայքարի ժողովրդավարական կուսակցության առաջնորդն է:
Փորձագետները նշում են, որ նոր խոսնակը, որը մինչեւ վերջին ժամանակներն զբաղեցնում էր մարդկային ներուժի զարգացման եւ մշակույթի հարցերի համակարգող նախարարի պաշտոնը, դարձել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու գլխավոր թեկնածուներից մեկը: Բացի այդ, քաղաքագետները նշում են, որ Փուանը 2020 թվականին իր մորը կփոխարինի երկրի խոշորագույն կուսակցության նախագահի պաշտոնում, որը, ապրիլյան ընտրությունների արդյունքներով, առավել մեծ թվով տեղերէէ ստացել նոր խորհրդարանի կազմում:
Սուկառնոն երկիրը ղեկավարել է 1945-1967 թվականներին, նրա դուստրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, դարձել է հանրապետության առաջին կին նախագահը, այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2001-ից 2004 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: