
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 2-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռիչքի ընթացքում հասել է 900 կմ առավելագույն բարձրության եւ կարող էր բաժանվել երկու մասի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն:
«Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել արեւելյան ուղղությամբ: Արձակումն իրականացվել է սուր անկյան տակ: Հրթիռը հասել է մոտավորապես 900 կմ առավելագույն բարձրության: Մենք գտնում ենք, որ այն կարող էր բաժանվել երկու մասի, եւ դրանցից մեկն ընկել է մեր բացառիկ տնտեսական գոտու տարածքում՝ Սիմանե պրեֆեկտուրայի ափից 350 կմ հեռավորության վրա»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ նախարարը չի հաստատել եւ չի հերքել Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միավորված կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ն կարող էր հրթիռի արձակումն իրականացնվել սուզանավից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: